Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մեկնարկեց Նադեժդա Սավչենկոյի դատավարությունը


Նադեժդա Սավչենկոն դատարանում, 22-ը սեպտեմբերի, 2015թ․

Նադեժդա Սավչենկոն դատարանում, 22-ը սեպտեմբերի, 2015թ․

Ուկրաինացի կին օդաչուն կտրականապես հերքում է իրեն վերագրվող հանցագործությունները:

Այսօր Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքում մեկնարկել է երկու ռուս լրագրողի սպանության և պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոյի դատավարությունը:

Նադեժդա Սավչենկոյի քույրը՝ Վերա Սավչենկոն ասում է՝ թեև հայտարարվել է, թե դատավարությունը բաց է, սակայն այն փակ է ընթանում: Նիստին հետևող այլ անձինք էլ նշել են՝ լրագրողներին թույլ չեն տվել մտնել դահլիճ: Մինչդեռ, ըստ ականատեսների, նիստին բազմաթիվ կազակներ էին ներկա:

Վերա Սավչենկոն ասում է, որ անգամ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մտնել դատարանի դահլիճ, այդ թվում՝ «Ռոսիա 24»-ին: Փոխարենը, դատարանի դահլիճում տեղ են զբաղեցրել «20 անձինք՝ միանման արտաքինով»:

«Այս դատավարությունն ավելի վատն ու ձգձգվող է, քան Սենցովի և Կոլչենկոյի դատն էր»,- գնահատել է Նադեժդա Սավչենկոյի քույրը:

Դատավարության ժամանակ պաշտպանական կողմը միջնորդել է գործը վերադարձնել դատախազությանը՝ նոր նախաքննություն կատարելու նպատակով: Սավչենկոյի պաշտպան Նիկոլայ Պոլոզովը թվիթերյան գրառման մեջ նշել է՝ Ռուսաստանի քննչական կոմիտեն ամեն գնով փորձել է թաքցնել, որ զինված խմբավորումները հրետակոծություններ են իրականացրել:

«Քննչական կոմիտեն, իմանալով, որ նույն տարածքում, նույն ժամին տուժել են մարդիկ, չի հետաքննում այդ փաստը»,- նշում է փաստաբանը: Փոխարենը, «գործը քննվել է Սավչենկոյին մեղադրանք առաջադրելու նպատակով»,- միջնորդությունը հիմնավորելիս նշել է պաշտպանը:

Ըստ Սավչենկոյի փաստաբանների, նույն տարածքում զոհված այլ անձանց հարցը անտեսելու՝ Քննչական կոմիտեի պահվածքը վկայում է «քրեական գործի քննության հարցում օրենքի նկատմամբ դրսևորված վերաբերմունքի մասին»:

Պաշտպանական կողմը «քաղաքական» է որակել Քննչական կոմիտեի մոտեցումները և պնդել՝ գրոհայինների գործողությունների հետևանքով զոհված կամ տուժած մյուս անձանց այս գործում չներգրավելու պայմաններում տեղի ունեցած նախաքննության արդյունքը չի կարող դառնալ դատարանի քննության առարկա:

Մինչդեռ, մեղադրող կողմը հիմքեր չի տեսնում գործը հետ ուղարկելու համար և առարկել է հիշյալ միջնորդության կապակցությամբ: Դատարանը մերժել է Սավչենկոյի պաշտպանների այս և մյուս միջնորդությունները:

Մեղադրողը պահանջել է, որ դատարանի դահլիճից հեռացնեն Սավչենկոյի պաշտպաններ Նիկոլայ Պոլոզովին, Իլյա Նովիկովին և Մարկ Ֆեյգինին և «նրանց փոխարինել այլ փաստաբաններով»: Դա պատճառաբանել է հանգամանքով, թե, իբր, «պաշտպանները խախտում են Սավչենկոյի իրավունքները»:

Կեսօրից հետո սկսվել է դատաքննությունը: Հրապարակվել է մեղադրական եզրակացությունը: Նադեժդա Սավչենկոն երկու ռուս լրագրողի սպանության մեղադրանքը «սուտ» է որակել:

Սավչենկոն և նրա փաստաբանները, հերքելով մեղադրանքը, նշում են, որ Սավչենկոն ֆիզիկապես չէր կարող սպանել ռուս լրագրողներին, քանի որ նրանց սպանության պահին ռուսամետ անջատականներն իրեն արդեն առևանգել էին:

«Ինձ առևանգել են Ուկրաինայի տարածքում և բերել են այստեղ, ես չեմ տեսել լրագրողներին, կյանքումս երբեք չեմ կրակել անզեն մարդկանց վրա»,- հայտարարել է Նադեժդա Սավչենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG