Մատչելիության հղումներ

Վալերի Օսիպյանի պարգևատրումը ակտիվիստները իրենց հասցեագրված ուղերձ են համարում


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին էլ շնորհվեց արդարադատության գեներալ-մայորի կոչում։

2008 թվականի մարտի 1-ի տասը սպանությունները, հիշեցնենք, մինչ օրս բացահայտված չեն։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանն իր հրամանագրով ընդգծել է՝ ինչպես է վերաբերում բռնություններին ու կոծկումներին։

«Փաստորեն Սերժ Սարգսյանը ասում է՝ էսպես էլ շարունակեք, ծեծեք, ջարդեք, ինչ ուզում եք՝ արեք, դուք վերջում կգնահատվեք։ Կառաջարկեի ուղղակի մի նոր մեդալ ստեղծեին՝ Սերժ Սարգսյանին մատուցած ծառայությունների համար, և շնորհեին այդ մեդալը՝ ում ցանկանային, Սաքուլիկին՝ պաշտպանության նախարարը, Բաբուլիկին և այլն»,- հեգնեց իրավապաշտպանը։

Սահմանադրական բարեփոխումների դեմ բողոքի ակտիվ գործողությունների մասին հայտարարած «Չե՛ք անցկացնի» շարժման անդամ Արշակ Մուսախանյանի կարծիքով՝ նախագահն իր հրամանագրով ուղերձ է հղել։

«Ես կարծում եմ, սա Սերժ Սարգսյանի կողմից մեսիջ է Օսիպյանին՝ ավելի ակտիվ պաշտպանելու ռեժիմի շահերը, և նաև մեսիջ է մեզ, որ «տեսեք, ինչպես եղել ենք, դա խրախուսվում է, ավելի կոպիտ ենք լինելու ձեր նկատմամբ»։ Բայց դա ծիծաղելի է։ Դա որևէ բան մեզ համար չի նշանակում»,- ասաց Մուսախանյանը։

«Ազատության» հետ կարճ հեռախոսազրույցում Վալերի Օսիպյանը նկատեց՝ ցույցեր ցրելու համար չէ պարգևատրվել։ «Ցրել» արտահայտությունը Օսիպյանի համար անընդունելի է, նախընտրում է օգտագործել «հասարակական կարգի վերականգնում» բառակապակցությունը, պարտականությունների շրջանակը համարում է հասարակական կարգի պահպանությունն ընդհանրապես։

Այնուհանդերձ, Google-ով Վալերի Օսիպյանի մասին տեղեկություններ որոնելիս առավելապես կարելի է հանդիպել բողոքի ցույցերում Երևանի փոխոստիկանապետի գործողությունների մասին պատմող հոդվածներ ու տեսանյութեր։

Բայց Google-ն ավելի պերճախոս է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանն արժանացած Արմենչիկի դեպքում։

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կոչումները տոտալիտար համակարգի արդյունք է համարում, արվեստագետներին խորհուրդ է տալիս.- «Մի՛ վազեք էդ կոչումների հետևից, չկա դրանց մեջ ոչ մի լավ բան»։

Վլադիմիր Վիսոցկին Սովետմիության որևէ կոչման չի արժանացել, նկատում է Բաբայանը.- «Այս կոչումները տալիս են ոչ թե մասնագիտական հանձնաժողովները, ինչպես փառատոններում, մրցույթներում, այլ պարզապես քմահաճույքով որոշակի պաշտոնյաներ՝ որոշակի պաշտոնյաների հովանավորությամբ, աջակցությամբ։ Նրանք, ովքեր պետք է ստանան այս կոչումները, պետք է առաջին հերթին բավարարեն այն ճաշակային համակարգը, քաղաքակրթական համակարգը, որի մեջ եփվում են այդ կոչումները տվողները»։

«Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը խոստովանում է՝ Արմենչիկի երգարվեստը իր ճաշակով էլ չէ, բայց Հանրապետականի խորհրդի անդամը իրեն թույլ չի տալիս քննարկել նախագահի հրամանագրերը։

«Անձամբ ինքս բացառիկ վստահություն ունեմ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումների նկատմամբ, որովհետև շատ լավ գիտակցում եմ՝ հանրապետության նախագահը այն անհատն է կամ այն անհատներից է, որ լուրջ ճանապարհ է անցել՝ ազգային-ազգատագրական պայքարից, բանակաշինությունից մինչև այսօր»,- ասաց նա։

XS
SM
MD
LG