Մատչելիության հղումներ

Թուրքիան սիրիացի փախստականներին թույլ չի տալիս մտնել Հունաստան


Թուրքիա - Ոստիկանները և սիրիացի փախստականները Ստամբուլ - Էդիրնե ճանապարհին՝ Հունաստանի սահմանի մոտ, 19-ը սեպտեմբերի, 2015թ․

Թուրքիա - Ոստիկանները և սիրիացի փախստականները Ստամբուլ - Էդիրնե ճանապարհին՝ Հունաստանի սահմանի մոտ, 19-ը սեպտեմբերի, 2015թ․

Հունաստանի հետ Թուրքիայի ցամաքային սահմանին՝ Էդիրնե գավառում կուտակվել են մոտ 30 հազար սիրիացիներ:

Թուրք սահմանապահները փակել են Հունաստանի հետ ցամաքային սահմանը սիրիացի փախստականների համար, որոնք փորձել են ապօրինի մտնել Եվրամիության երկիր:

Երկուշաբթի երեկոյան սահմանապահները կենդանի պատ ստեղծելով փորձել են կանգնեցնել չենթարկվող ամբոխին: Դեպքի վայր ժամանած խորհրդարանականները հայտարարել են, որ իշխանությունները չեն կարող բացել սահմանը, փոխարենը պատրաստ են կարիքավորներին օգնել ընդամենը սննդով և ջրով, ինչպես նաև վերադարձնել նրանց փախստականների ճամբարներ: Ի պատասխան՝ փախստականները քարեր և մահակներ են նետել իշխանության ներկայացուցիչների վրա:

Սիրիացիները հայտարարել են, որ չեն ցանկանում վերադառնալ ճամբարներ, որտեղ, նրանց պնդմամբ, կյանքի համար նորմալ պայմաններ չկան: Նրանք նաև հայտարարել են, որ ի նշան բողոքի կարող են նստացույց կազմակերպել: Անկարգությունների տասնյակ մասնակիցներ ձերբակալվել են:

Հունաստանի հետ ցամաքային սահմանին՝ Էդիրնե գավառում կուտակվել են մոտ 30 հազար սիրիացիներ, ևս 3․5 հազարը հավաքվել են Ստամբուլի կենտրոնական կայարանում և մտադիր են սահման հասնել ավտոբուսներով կամ ոտքով: Նրանց մեջ ինչպես տարեցներ, այնպես էլ կանայք ու երեխաներ կան, որոնք գաղտնի են լքել ճամբարը՝ անտեսելով իշխանությունների արգելքները:

«Եվրոպայում ամեն ինչ ավելի լավ է, քան Թուրքիայում, որտեղ մեզ պահում են փակի տակ և նույնիսկ թույլ չեն տալիս դուրս գալ քաղաք: Փախստականները ճամբարներում պահվում են բանտարկյալների պես: Մեզ անվանում են ձրիակեր, ասում են, որ մեզ համար միջոցներ չունեն: Ճամբարներում նորմալ սնունդ չկա: Տալիս են միայն հաց, լոլիկ և յոգուրտ: Մարդիկ փախչում են ճամբարներից, բայց նրանց կրկին ստիպում են վերադառնալ: Մենք գրեթե մեկ շաբաթ ճանապարհ ենք եկել, մինչև հասնենք Ստամուլ», - պատմել է 35-ամյա Ահմեդ անունով տղամարդը, ով Ստամբուլից մեկնում է Հունաստան՝ կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ:

Այս մասին իրադարձությունների վայրից հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայության թղթակից Ելենա Սոլնցևան:

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող ճամբարներում շուրջ երկու միլիոն սիրիացի փախստականներ են գտնվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG