Մատչելիության հղումներ

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կանխատեսվածից ցածր տնտեսական աճ է ակնկալում


Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան, արխիվ

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան, արխիվ

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը չի հավատում, որ տարին կփակենք 4.1 տոկոս տնտեսական աճով, ինչպես ամրագրված է 2015 թվականի պետբյուջեում:

«Ես սպասում եմ ավելի ցածր աճ, բայց դա իմ անձնական սպասումն է, պաշտոնական գնահատականներ հնարավոր կլինի տալ մի քիչ ավելի ուշ, երբ մանրամասն տվյալներ ունենանք»,- ասաց Գաբրիելյանը։

Տարվա ավարտին շուրջ երեք ամիս է մնացել, և 2015 թվականի պետական բյուջեի մասին օրենքում շարունակում է մնալ 4.1 տոկոս աճը: Դեռ ավելին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անցած ամիս վերահաստատեց իշխանությունների մտադրությունը՝ ապահովել նշված ցուցանիշը:

«Բոլոր ոլորտներում ունենք աճ, միայն ունենք անկում ապրանքաշրջանառության մեջ, որը կապված է Ռուսաստանի Դաշնության հետ։ Դա մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է, և եթե նայում ենք, բոլոր միջազգային կառույցները բացասական գնահատական էին տալիս, ի հակառակ իրենց կարծիքի՝ մենք իրենց հորդորեցինք, որ չշտապեն։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ երկրորդ կիսամյակում ավելի ակտիվ է լինելու մեր տնտեսությունը։ Մենք ամեն ինչ անելու ենք մեր թիմով՝ կառավարությունով, նախագահի գլխավորությամբ, որ այդ տնտեսական աճը ապահովենք մինչև տարվա վերջ, քանի որ բյուջեում դրված է 4.1 տոկոս տնտեսական աճ»,- ասել էր վարչապետը։

Բայց տնտեսական աճի հետ կապված կառավարությունում կարծես թե միակարծություն չկա: Օգոստոսի վերջին օրը կառավարության նիստում վարչապետը հայտարարեց՝ առաջին կիսամյակը փակել ենք ավելի մեծ՝ 4.4 տոկոս աճով:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով այդ օրը ներկա էր կառավարության նիստին, հենց հաջորդ օրը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ըստ «168 ժամ»-ի, հայտարարեց, որ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում ծավալների անկում ունենք:

«Անկախ վիճակագրական տվյալներից, տնտեսության ճյուղերի զարգացումները մտահոգիչ են: Գրեթե բոլոր ճյուղերում ծավալների անկում ունենք: Անորոշությունները շատ-շատ են, չգիտենք՝ ո՞ր ուղղությամբ կզարգանա տնտեսությունը»,- ասել էր Խաչատրյանը:

Կառավարությունից եկող այս հակասական ազդանշաններին, փաստորեն, միանում է ևս մեկը. փոխվարչապետը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ իր անձնական կարծիքով, այս տարվա պետբյուջեն չի կատարվի տնտեսական աճի մասով:

Կառավարությունից դուրս շատերն են հոռետես: Օրինակ, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» ղեկավար Հակոբ Ավագյանն ասում է, որ փոքր ու միջին բիզնեսը չի զգում իշխանությունների մատնանշած տնտեսական աճը:

«Փոքր բիզնեսի մեջ մեծամասնությունը՝ մոտ 60 տոկոսը, զբաղված է առևտրով։ Մանրածախ առևտրի ծավալները նախնական գնահատականներով մոտավորապես 5 անգամ ընկել են, հետևաբար փոքր բիզնեսի վրա դա ուղիղ հարված է, այսինքն բնական է՝ այդ տնտեսական աճը նրա վրա չի կարող դրական ազդել»,- ասաց Ավագյանը։

Ավագյանը նաև պատմեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես փորձել են ֆիննախից տվյալներ ստանալ ՓՄՁ-ների վիճակի մասին, սակայն իրենց հարցումից 40 օր անց ստացված պատասխանը զարմացրել է:

«Այս անգամ մեզ պատասխանել են, որ ֆինանսների նախարարությունը նման տեղեկատվության չի տիրապետում։ Հիմա փորձում ենք գտնել՝ ումի՞ց կարող ենք ճշտել, օրինակ, թե հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում քանի ընտանեկան բիզնես կա գրանցված, քանի շրջհարկ վճարող կա, դրանցից քանիսին են արտադրություն, առևտուր և ծառայություն մատուցում»,- ասաց նա։

XS
SM
MD
LG