Մատչելիության հղումներ

Պորոշենկո․ ՆԱՏՕ-ին անդամակցությանը աջակցում է ուկրաինացիների 60 տոկոսից ավելին


Պետրո Պորոշենկոն և Յենս Ստոլտենբերգը Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Կիև, 22-ը սեպտեմբերի, 2015թ․

Պետրո Պորոշենկոն և Յենս Ստոլտենբերգը Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Կիև, 22-ը սեպտեմբերի, 2015թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը աջակցում է երկրի բնակչության ավելի քան 60 տոկոսը:

«Եվրաատլանտյան ընտրությունը՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարով, ուկրաինացիների շրջանում ստանում է չափազանց կարևոր աճող աջակցություն: Երկու տարի առաջ եվրաատլանտյան ինտեգրմանը աջակցում էին ուկրաինացիների 16 տոկոսը: Մեկ տարի առաջ այդ թիվը սրընթաց մոտեցավ 50 տոկոսի: Այժմ եվրաատլանյան ինտեգրմանը կողմ է ուկրաինացիների 60 տոկոսը»,- հայտարարել է Պորոշենկոն Ազգային անվտանգության խորհրդի նիստի բացմանը, որին մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Երեկ Պորոշենկոն Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է, որ Ուկրաինան առայժմ պատրաստ չէ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

«Ազատության» ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ վերջին շրջանում Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության աջակիցների թիվը Ուկրաինայի հասարակությունում աճում է: Հուլիսի վերջին անցկացված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դաշինքին անդամակցելու վերաբերյալ ենթադրյալ հանրաքվեի դեպքում կողմ ձայների թիվը կարող է լինել 64 տոկոս, իսկ դեմ՝ 28․5 տոկոս:

Անցած տարի Գերագույն ռադան աջակցել է նախագահական օրենսդրական նախագծին՝ Ուկրաինայի՝ որևէ դաշինքի չմիանալու կարգավիճակի վերաբերյալ:

ՆԱՏՕ-ն հավաստիացնում է, որ դաշինքի դիրքորոշումը մնում է անփոփոխ․ Ուկրաինան ունի անդամակցելու իրավունք, երբ Կիևը անդամակցության ցանկություն հայտնի ու կատարի անհրաժեշտ պայմանները, «դռները միշտ բաց կլինեն»:

Ռուսաստանը, մինչդեռ, պահանջում է երաշխիքներ առ այն, որ Ուկրաինան չի անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG