Մատչելիության հղումներ

Համաձայնություն Հայ եկեղեցու և Լոս Անջելեսի թանգարանի միջև


Հայկական ձեռագիր Ավետարաններ Երևանի Մատենադարանում, արխիվ

Հայկական ձեռագիր Ավետարաններ Երևանի Մատենադարանում, արխիվ

Getty թանգարանը Զեյթունի Ավետարանի 8 էջերի սեփականատեր ճանաչեց Հայ եկեղեցուն, եկեղեցին էլ դրանք նվիրաբերեց թանգարանին:

Որպես Զեյթունի Ավետարան հայտնի 13-րդ դարի հայկական ձեռագրի՝ Թորոս Ռոսլինի ձեռքով նկարազարդված 8 էջերը կմնան Լոս Անջելեսի J. Paul Getty թանգարանում: Նման համաձայնություն է ձեռք բերվել երկուշաբթի օրը, ինչով լուծվել է բանավեճը՝ արդյոք այդ էջերի օրինական սեփականատերը թանգարա՞նն է, թե՞ Հայ Առաքելական եկեղեցին:

Համաձայնությամբ Getty թանգարանը ճանաչում է, որ Զեյթունի Ավետարանի այդ էջերը պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն: Միաժամանակ, Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ամերիկայի Արևմտյան թեմը հայտարարում է, որ էջերը կնվիրաբերի թանգարանին, որին եկեղեցին իր գնահատանքն է հայտնում 21 տարի դրանք պահպանելու համար: Հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մեկը հատկապես ուրախալի է համարել այն փաստը, որ համաձայնությունը ձեռք բերվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Կցանկանայի երախտագիտություն հայտնել Getty-ին մեզ հետ այնպիսի լուծման հանգելու համար, որը ճանաչում է հայ ժողովրդի պատմական տառապանքները և որը նաև թույլ կտա, որպեսզի այս հայկական գանձը մնա թանգարանում, որը հոգ է տարել դրա համար և այն հասանելի դարձրել Լոս Անջելեսի հայ և ոչ միայն հայ համայնքի համար», - Associated Press-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հայ եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ամերիկայի Արևմտյան թեմը ներկայացնող Լի Քրոֆորդ Բոյդը:

Getty թանգարանը վստահեցնում էր, որ Զեյթունի Ավետարանի այդ էջերը 1994 թվականին գնել է օրինականորեն՝ մի մարդու ժառանգներից, ով պոկել էր դրանք մատյանից ու տարել իր հետ Հայոց ցեղասպանությունից փախչելիս: Հայ եկեղեցին, սակայն, դատարան էր դիմել՝ շեշտելով, որ էջերը վաճառողները դրանց օրինական սեփականատերերը չէին:

Զեյթունի Ավետարանը՝ առանց մատյանի բովանդակության բաժինը ներկայացնող հիշյալ 8 էջերի, պահպանվում է Երևանի Մատենադարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG