Մատչելիության հղումներ

Ցիպրասը վերադարձավ Հունաստանի վարչապետի պաշտոնին


Հունաստան - Ալեքսիս Ցիպրասը տոնում է իր կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, Աթենք, 20-ը սեպտեմբերի, 2015թ․
Հունաստան - Ալեքսիս Ցիպրասը տոնում է իր կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, Աթենք, 20-ը սեպտեմբերի, 2015թ․

Հարցման արդյունքները վկայում են, որ հույները հոգնել են քաղաքականությունից:

Ալեքսիս Ցիպրասը երկրորդ անգամ ստանձնեց Հունաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած ձախակողմյան «Սիրիզա» կուսակցության առաջնորդի՝ վարչապետի պաշտոնում երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ երկուշաբթի երեկոյան:

Ցիպրասը երկրի կառավարությունը ձևավորելու մանդատ ստացավ կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններից հետո, որտեղ նրա կուսակցության օգտին տրվել էր քվեների ավելի քան 35․5 տոկոսը:

Հիշեցնենք՝ Հունաստանի նախկին վարչապետը հրաժարականի և նոր ընտրությունների նշանակման մասին հայտարարել էր օգոստոսին, երբ իր ղեկավարած կուսակցությունը պառակտվում էր՝ հրաժարվելով ընդունել Եվրամիության պայմանները նոր ֆինանսական օգնության դիմաց:

Արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ «Սիրիզա»-ն ստացել է ձայների 35․5, պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 28․1 տոկոսը: Այսպիսով «Սիրիզա»-ն ստանում է խորհրդարանի 300 մանդատներից 145-ը:

Հարցման արդյունքները վկայում են, որ հույները հոգնել են քաղաքականությունից: Նրանք, մասնավորապես, նշում են, որ վեց տարվա ընթացքում հինգ խորհրդարանական ընտրությունները չափից շատ են: Միայն այս տարվա ընթացքում հույները երեք անգամ ներկայացել են ընտրատեղամասեր՝ ներառյալ հուլիսյան հանրաքվեն:

Այս անգամ ընտրողների 56․5 տոկոսն է ներկայացել քվեարկության, մինչդեռ հունվարին տեղի ունեցած ընտրություններին այդ թիվը կազմում էր 63 տոկոս:

Հունաստանի իշխող կուսակցության առաջնորդի առաջին խոստումը երկրում կայունության վերականգնումն է: «Այսօր Եվրոպայում Հունաստանն ու հույները ասոցիացվում են տոկունության և սեփական արժանապատվության զգացումի հետ: Առաջիկա չորս տարիների ընթացքում մենք միասին շարունակելու ենք այս պայքարը», - հայտարարել է Ցիպրասը՝ ընտրություններից հետո ելույթ ունենալով Աթենքի կենտրոնական հրապարակներից մեկում:

Կառավարության ձևավորումից հետո Ալեքսիս Ցիպրասի առաջին գործը պետք է լինի հակաճգնաժամային միջոցառումների փուլերի շուրջ Եվրամիության առաջնորդների հետ համաձայնության հասնելը: Բացի այդ, նա պետք է զբաղվի նաև Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի հարցերով, քանի որ Հունաստանով Եվրոպա են ժամանում տասնյակ հազարավոր փախստականներ Մերձավոր Արևելքից՝ ձգտելով հասնել Եվրամիության առավել հարուստ երկրներ:

Հունաստանի վարչապետը գործընկերների հետ միգրանտների ճգնաժամը քննարկելու է արդեն վաղը նախատեսված արտահերթ նիստի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG