Մատչելիության հղումներ

Մարցեցի երիտասարդները ապրուստը հայրենի գյուղում չեն կարողանում վաստակել


Անկախության տարիքի բազմաթիվ երիտասադներ դեռ գործազուրկ են
please wait

No media source currently available

0:00 0:03:40 0:00

Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչ Պարգև Հակոբյանը անկախ Հայաստանի հասակակիցն է՝ 24 տարեկան։ Ասում է՝ կյանք մտնելու հետ առաջին հերթին փորձել է հայրենի գյուղում հաստատվել, բայց չի ստացվում։

«Փորձեցի անասուն պահել, փորձեցի անտառից հատապտուղներ հավաքել, ծախել, բայց չի ստացվում, որովհետև ես մի ամբողջ օր անտառում ֆռռում եմ, տանում եմ տասը կիլոն ծախում եմ, հազիվ ճանապարհածախս է դուրս գալիս»,- ասում է Պարգևը։

Երկու տարի առաջ ստիպված համագյուղացի ջահելների նման արտագնա աշխատանքի է մեկնել։ Ռուսական ռուբլու արժեզրկումը, սակայն, նրան կրկին գյուղ է բերել։ Ամիսներ առաջ եկել, այստեղ աշխատելու նոր փորձեր է անում, բայց տեղը չի գտնում։ Ասում է՝ որոշել է, մի քանի օրից էլի կթողնի գյուղն ու Ռուսաստան կմեկնի։

«Մնալը վաբշե իմաստ չունի, գնալով էլի կարողանում ես ինչ-որ բան հետ գցես»,- ասում է նա։

Մարցի միջնակարգ դպրոցն արդեն երկու տարի հիմնանորոգված շենքում է գործում։ 5 տարի առաջ նախկին վարչապետն այցելել է գյուղ, տեսել դպրոցի անմխիթարական վիճակն ու խոստացել վերակառուցել։ Այժմ ոչ միայն միջանցքներն ու դասասենյակներն են բարեկարգ, այլև կառուցվել են մարզադահլիճ, ցնցուղներով հանդերձարաններ, ճաշարան, գրադարան և դահլիճ։ Դպրոցի տնօրեն Ռուդիկ Ափիցարյանն էլ անսպասելիությունից զարմացած է.- «Ասում են՝ Մարցի դպրոցը լինելու է էս տարածքի ավագ դպրոցը, թե չէ էսքան ծախս մի փոքր գյուղի համար չէին անի»։

Մինչդեռ, գյուղական համայնքի համար աննախադեպ շքեղ դպրոցի առկայությունն էլ երիտասարդներին չի պահում գյուղում։ Նորեկների թիվը տարեցտարի նվազում է։

«Նախանցած տարի 15-ը ավարտել են, 5 հոգի եկան, անցած տարի 12 հոգի ավարտեցին, 5-ը եկան»,- ասում է տնօրենը։

10 տարի առաջ դպրոցում 123 աշակերտ է սովորել, այսօր դրա կեսը՝ 57 երեխա։ Թիվը շեշտակի նվազել է հատկապես վերջին 4-5 տարիներին, ասում է տնօրենը։ Գործընկերների հետ գումարել-հանել ու եզրակացրել են` առաջիկա տարիներին աշակերտներն էլի նվազելու են.- «Մոտ 30 ամուսնական տարիքի տղա կա՝ 22-30 տարեկան, որ չեն ամուսնանում։ Աշխատանք չունեն։ Այ, եթե նրանք աշխատանք ունենային, ամուսնացած լինեին, բնական է՝ երեխաներն էլ շատ կլինեին»։

Դպրոցի տնօրենն ասում է, որ գյուղացիների մեջ Հայաստանից հեռացողների թիվը մեծ չէ, բայց շատերը դեպի քաղաք են ձգտում, հիմնականում՝ Վանաձոր։ Վանաձորից գյուղ եկած երիտասարդ տնօրենն ինքը իր ընտանիքը չի տեղափոխում։ Ասում է՝ զբաղմունք չկա ու գյուղում կյանքը շատ ձանձրալի է հատկապես երիտասարդի համար։

«Մենք 21-րդ դարում ենք ապրում, հարցը մենակ ստամոքսը չի, ուզում են նաև օգտվեն աշխարհի բարիքներից, էստեղ նույնիսկ ինտերնետ չկա, հեռուստատեսություն չկա»։

Հեռուստատեսության ու ինֆորմացիայի պակասը ոչ միայն երիտասարդներին, այլև մեծերին է անհանգստացնում։ Ջհան Աղաջանյանը ժամանակին տեղական իշխանության ներկայացուցիչ է եղել, սակայն այսօր, ասում է, ամեն ինչից է ետ մնացել։

«Մենք էս ձորի միջին լալ ու քյառի պես ժողովուրդ ենք։ Քարե դարի մարդիկ ենք դառել։ Օրը մթնում ա՝ չգիտեմ ինչ անեմ, կարդալ էլ գիտեմ, գրել էլ, նայել էլ... ոնց որ աշխարքից վերացած մարդ լինեմ, մութն ընկնում ա, տեղս եմ մտնում պառկում-քնում»,- ասում է նա։

80-ամյա ծերունին հպարտությամբ է ասում, որ թերթ կարդում է առանց ակնոցի, բայց դժգոհում է` կարդալու բան չունի: Թոշակից թոշակ համագյուղացի փոստատարը լրագրեր է բերում։ Պարտականություն են դրել՝ պետք է վաճառի։ Թոշակառուներն էլ աղջկա խաթրը չկոտրելու համար չեն մերժում, թեև թերթերը վաղուց արդեն ժամկետանց են լինում։

«Դաժե 6 ամսվա, մի-մին էլ մի տարվա թերթեր են բերում... ասում եմ՝ աղջի՛կ ջան, դու ինձ էդ օրվա թերթ տուր, ես առնեմ, չկա...»։

Անկախ Հայաստանի գյուղերում Երևանից ու քաղաքական անցուդարձից տեղեկանալու միակ միջոցը մնում են առիթից առիթ հյուր եկած քաղաքացի ծանոթ-բարեկամները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG