Մատչելիության հղումներ

Ահմեթ Դավութօղլու. Մենք մտադիր ենք հաղթել արտահերթ ընտրություններում


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Ըստ «Սոնար» հետազոտական ընկերության, առաջիկա ընտրություններում «Արդարություն և զարգացում»-ը շուրջ երկու տոկոսով ավելի ձայներ կհավաքի:

«Միաձայն ընդդեմ ահաբեկչության». - ահա այս կարգախոսով հազարավոր մարդիկ նախօրեին հավաքվել էին Ստամբուլի Յենիքափը շրջանի հրապարակում: «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության համակիրները, ազգային դրոշը ձեռքներին, իրենց ձայնը բարձրացրեցին ընդդեմ ահաբեկչության և հանուն թուրք-քրդական եղբայրության:

Շուրջ երեք ժամ տևած հանրահավաքին ելույթ ունեցան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և խորհրդարանի նախագահ Իսմեթ Յըլմազը:

Նրանք միասնության և խաղաղության կոչեր հնչեցրեցին` ընդգծելով, որ ոչ մեկին չի հաջողվելու մասնատել Թուրքիան: «Մենք թույլ չենք տա պառակտել և թուլացնել մեզ: Իմ երկրում էթնիկ խնդիր չկա: Մեր պայքարը ահաբեկչության դեմ է», - հայտարարեց Էրդողանը:

Բազմահազարանոց ցույցի ժամանակ ԱԶԿ-ի նախագահ, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հստակ հայտարարեց, որ իրենք մտադիր են հաղթել նոյեմբերի 1-ին նշանակված արտահերթ ընտրություններում, «միասնության խորհրդանիշ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը կրկին միանձնյա իշխանության բերել Միլի մեջլիսում»:

Կուսակցությունն արդեն գործնական քայլեր է ձեռնարկում. «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիրներից Ալփարսլան Թյուրքեշի որդին` Թուղրուլ Թյուրքեշը, ով Դավութօղլուի առաջարկով ժամանակավոր կառավարությունում ստանձնել է փոխվարչապետի պաշտոնը, օրերս վերջնականապես հեռացել է «Ազգայնական շարժում» կուսակցությունից և «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից որպես թեկնածու առաջադրվել: Թյուրքեշին և նրա համախոհներին իր կողմը գրավելու մարտավարությունը Էրդողանի կուսակցությանը ձայների աճ կապահովի: Այս մասին են փաստում նաև վերջին սոցիալական հարցումները:

«Սոնար» հետազոտական ընկերության հրապարակած տվյալների համաձայն, առաջիկա ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շուրջ երկու տոկոսով ավելի ձայներ կհավաքի: Ըստ ընկերության տվյալների, գրեթե նույնքան ձայներ էլ կկորցնի «Ազգայնական շարժումը»:

Թուրքիայի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները և դեռևս չդադարող թուրք - քրդական բախումները նախընտրական թեժ հոկտեմբեր են խոստանում:

Կուսակցություններն արդեն հրապարակել են թեկնածուների ցուցակները, սկսել իրենց քարոզարշավները: Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որոշիչ նշանակություն կունենան երկրի հիմնական քաղաքական ուժերի վերադասավորության տեսանկյունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG