Մատչելիության հղումներ

Վարդան Հարությունյան. Ներկայիս իշխանությունների կեցվածքը սովետական առաջնորդներին է հիշեցնում


Վարդան Հարությունյան, արխիվ
Վարդան Հարությունյան, արխիվ

Սեփական կարծիքն արտահայտելու համար ազատազրկված գործիչներն այսօր սովետական անցյալին վերադառնալու վտանգ են տեսնում։

Խորհրդային Միության տարիներին՝ անցած դարի 80-ականներին, այլախոհ Ազատ Արշակյանը տասը տարվա ազատազրկման է դատապարտվել Հայաստանի անկախության պահանջով հանրաքվե անցկացնելու առաջարկի համար։

«Ազատության» հետ զրույցում Արշակյանն անցյալը հիշեց՝ ասելով, թե բանտարկությունից հետո նույն այդ իշխանության ներկայացուցիչները միաձայն կողմ քվեարկեցին անկախությանը։ «Եվ շատ պարադոքսալ է, որ մեզ դատողները տասը տարի երեք օր հետո միաձայն՝ սեպտեմբերի 23-ին, Կոմունիստական կուսակցության էլիտան՝ վերնախավը, որը ներկայացված էր Գերագույն խորհրդում, Գերագույն խորհրդի վճիռը կայացվեց. հաստատեց Գերագույն խորհուրդը ռեֆերենդումի արդյունքները՝ միաձայն», - պատմեց Արշակյանը։

Այլախոհության համար խորհրդային բանտերում ութ տարի անցկացրած Վարդան Հարությունյանը փաստում է, որ ներկայիս իշխանությունները Խորհդային Միության ժառանգորդն են։ Հարությունյանն ասում է, որ նրանց ելույթներն ու կեցվածքը սովետական առաջնորդներին են հիշեցնում, ընդգծելով՝ շատ բան, այդուամենայնիվ, փոխվել է։

«Ճիշտ է, երբեմն իշխանությունները սանձարձակություն են դրսևորում, դեպքից դեպք կրակում են անգամ, ծեծում են, բայց համեմատության եզրեր անգամ չկան խորհրդային տարիների և այս տարիների մեջ։ Այս տարիներին մենք ձեռք ենք բերել ազատություն, ազատ մտածողություն, անկախություն, մարդկանց մեջ մի մտածողություն, որ ցանկացած մեկը կարող է այսօր ազատ արտահայտվել իշխանությունների դեմ», - ասաց Հարությունյանը։

Սեփական կարծիքն արտահայտելու համար ազատազրկված գործիչները այսօր սովետական անցյալին վերադառնալու վտանգ են տեսնում՝ մատնանշելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ)։

«ԵՏՄ-ն մեր ոտքից մի նոր ծանրություն կախեց, մենք լիքը ծանրություններ ունենք՝ խորհրդային անցյալը... ու հիմա նաև այս ԵՏՄ-ն։ Մենք կամաց-կամաց պետք է ամեն մի պարան կտրենք, որ ամեն ծանրություն հերթով թոթափելով թեթևորեն առաջ գնանք», - ասաց Վարդան Հարությունյանը։

Ազատ Արշակյանն իր հերթին նշեց. - «Իրականում Եվրասիական միությանը միանալ՝ նշանակում է հանձնվել, հրաժարվել սրանից 24 տարի առաջ նվաճած անկախության մի մասից»։

Դեռևս խորհրդային տարիներից իշխանությունների ընդդիմախոս Անահիտ Բախշյանի խոսքով, անկախ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին են վաճառել ռազմավարական օբյեկտները, և սա է վտանգավորը։

«Այն պահից, երբ սկսեցին մեր տնտեսությունը վաճառել, և դա սկսեց Քոչարյանից, երբ մեր ամբողջ էլեկտրական ցանցը վաճառվեց, հետո շատ բաներ, այսօր պարզվում է՝ մենք սեփական, այսպես ասած, պետական հովանավորության տակ չունենք ո՛չ էներգետիկ, ո՛չ հեռահաղորդակցություն, ո՛չ ջուր, անձամբ իմ թևերը ոնց որ ընկնի», - ասաց Բախշյանը։

Քննադատելով իշխանություններին՝ այլախոհները միաժամանակ փաստում են՝ ժամանակին պայքարում էին հանուն անկախության, հիմա՝ այն ամրապնդելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG