Մատչելիության հղումներ

Գյուղացիները համոզված են՝ Հայաստանն անկախ չի կարող լինել առանց սահմանների ամրության


Սահմանամերձ գյուղի բնակիչները

Սահմանամերձ գյուղի բնակիչները

Ադրբեջանի հետ սահմանից 500 մետրի վրա գտնվող Կիրանց գյուղում գիշերը կրկին կրակոցներ են հնչել։ Առավոտյան, սակայն, կիրանցեցի տիկին Գոհարը սկսել է մուրաբա պատրաստել։ Չնայած չդադարող հակամարտությանը, ասում են՝ սահմանը լքելու մտադրություն չունեն։

«Անկախ թուրքի կրակոցից, մենք մեր ձմեռվա պաշարը հավաքում ենք, մեր ուտելիքը ստեղծում ենք, որ ձմեռը ապրենք մեր գյուղում, մեր հայրենիքը պաշտպանենք»,- ասում է տիկին Գոհարը։

Գյուղի բնակիչները պատմում են, որ կրակոցներն ակտիվանում են հատկապես երբ իրենք դաշտերում ու այգիներում բերք են հավաքում։ Օրեր առաջ Այգեհովիտի բնակիչ Արթուր Թամրազյանի մեքենան է վնասվել։ Ու թեև բնակիչները նաև Կարմիր խաչին են դիմել, սակայն իրավիճակը չի փոխվել։ Ստիպված են եղել բերքահավաքը դադարեցնել։

Կիրանցի բնակչուհի Անուշ Նազարյանը պատմում է, որ ավելի քան 20 տարի ապրում են կրակոցների ձայնի տակ։ Ինքն էլ, ամուսինն էլ պատերազմին մասնակցել են, սակայն ցավում են, որ անկախ Հայաստանում էլ շարունակում են ապրել կես պատերազմ-կես խաղաղության պայմաններում։ Սահմանը պահեցինք, բայց գյուղում աշակերտների թիվը գնալով պակասում է, ասում է։

«Ժողովուրդը իրենց այգով, իրենց եղածով հարմարվում են, բայց պատերազմական վիճակ է, շատ բարդ է։ Սահմանամերձ գյուղ է, խնդրում ենք ղեկավարությանը ուշադրության կենտրոնում պահել, բոլորը, ոչ միայն Կիրանցը։ Արդեն 20 տարի է ոչ մի օր դադար չունենք, սահման պահողը սահմանային գյուղերն են։ Եթե ղեկավարությունը մեզ ուշադրություն չդարձնի, բնական է, որ գյուղը աստիճանաբար կլքվի»,- ասում է Անուշ Նազարյանը։

Գրեթե ամեն օր կրակոցի ձայնից արթնացող գյուղացիները համոզված են՝ Հայաստանն անկախ չի կարող լինել առանց սահմանների ամրության։

«Պետք ա իրանք պարտավոր են էս ժողովրդի փեջը դաժե գան վառեն, իրանց համար սահմանապահ ենք ստեղ»։

«Ինչի՞ համար են մեզնից հոսանքի կամ ջրի փող վերցնում, գալիս, ասում են՝ փողը տուր, թե չէ ջուրդ կտրում եմ։ Կամ փետը, փետին խի՞ ենք փող տալիս։ Ուրիշ տեղը փետը 2000 դրամ է, անցյալ տարի մեզ մոտ 5000 դրամ էր։ Ոչ մի արտոնություն»։

«Երկու վիրավոր ենք տվել, բժիշկները փող են ուզել»,- բողոքում էին գյուղացիները։

XS
SM
MD
LG