Մատչելիության հղումներ

«Հետադիմական ուժերի և կազմակերպությունների դերը Հայաստանում մեծացել է ակնհայտորեն»


Բորիս Նավասարդյան, արխիվ
Բորիս Նավասարդյան, արխիվ

ԵՏՄ-ին անդամակցության՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունից մինչ օրս գործընթացի դեմ պայքարողները վստահ են՝ անցած երկու տարում Հայաստանը զիջել է իր ինքնիշխանությունը։

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ի վեր Հայաստանը զիջել է իր ինքնիշխանությունը», - «Ազատության» հետ զրույցում համոզված էր Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ազգային նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը՝ նշելով, որ գործընթացի ընդդիմախոսների ի սկզբանե արտահայտած բոլոր մտահոգություններն ու կանխատեսումներն իրականանում են:

2013 թվականի սեպտեմբերի 3-ին, հիշեցնենք, հայտարարվեց Մաքսային միություն մտնելու մասին, և ԵՏՄ-ն այս տարվա հունվարի 1-ից սկսեց գործել։

«Կանխատեսվում էր, որ որևէ տնտեսական առավելություններ ԵՏՄ-ին մասնակցությունը Հայաստանին չի տալու, և հիմա մենք տեսնում ենք, որ ոչ միայն երրորդ երկրների հետ է ծավալն առևտրի նվազում, այլ բուն Եվրասիական միության անդամ երկրների հետ։ Խոսում էինք նրա մասին, որ անվտանգության երաշխիքներ մեր անդամակցությունը Մաքսային միությանը և ԵՏՄ-ին չի տալու, մենք համոզվում ենք, որ այդպես է, և հարաբերությունները Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության գոտում միայն սրվել են այս երկու տարիների ընթացքում», - ասաց Նավասարդյանը։

«Մենք կորցրեցինք շատ մեծ ժամանակ, կորցրեցինք այլ երկրների, այդ թվում՝ Եվրամիության հետ մեզ ձեռնտու պայմաններով հարաբերություններ հաստատելու հեռանկարները», - ընդգծում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ խոստացված 170 միլիոնանոց շուկա մտնելու փոխարեն գյուղացին այսօր «չիրացված վարունգ է թափում»։

«Այսինքն, խոստումները, որոնք մեզ տրվեցին Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հետ կապված, ուղղակի խաբեություն էին, կեղծիք էին, և դրա արդյունքում ուղղակի սահմանափակվեց Հայաստանի ինքնիշխանությունը։ Օրերս խոսք է գնում այն մասին, որ Հայաստանը պետք է դիմի ԵՏՄ-ին, որպեսզի ԵՏՄ-Իրան հարաբերությունները քննարկվեն։ Այսօր Իրանի հետ տարբեր երկրներ բանակցում են՝ սանկցիաները վերացնելուց հետո իրենց առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորության մասին։ Մենք, լինելով հարևան երկիր, գիտենք, որ ինքնուրույնաբար չենք կարող այդ խնդիրը Իրանի հետ քննարկել, և որպեսզի այնուամենայնիվ հետ չմնանք Անգլիայից, Գերմանիայից և այլն, մենք ստիպված ենք դիմել ԵՏՄ-ին, որպեսզի ԵՏՄ-ն ինքը որոշի, թե ինչպես հարաբերություններ հաստատվեն Իրանի հետ։ Այսինքն՝ մենք կորցրել ենք հարաբերվելու, մեր շահերից բխող հարաբերություններ հաստատելու հնարավորությունը», - ասաց Սաֆարյանը։

Ժողովրդավարության և ազատությունների համար պայքարող Բորիս Նավասարդյանը նաև այս ոլորտներում է «հետընթացի սպառնալիքներ» տեսնում, ինչն, իր խոսքով, ավելի ակնհայտ է դարձել սահմանադրական փոփոխությունների քննարկումներում։

Փորձագետը եզրակացնում է, որ «հենց ԵՏՄ-ին անդամակցության համատեքստում հետադիմական ուժերի և կազմակերպությունների դերը Հայաստանում մեծացել է ակնհայտորեն»։

«Այն խոսակցությունները, որոնք ակտիվացել են նաև սահմանադրական փոփոխությունների գործընթացում, որ վերահսկողությունը քաղաքացիական հասարակության նկատմամբ, լրատվամիջոցների գործունեության նկատմամբ պիտի ուժեղանան պետական մարմինների կողմից, և թեև դա արտացոլված չէ նախագծում, բայց տրամադրությունները կարծես թե դրա շուրջ ձևավորվում են։ Կան մարդիկ, որոնք բավականին բարձր են խոսում նրա մասին, որ Հայաստանում պետք է կիրառվի այդ ոլորտներում նույն համակարգը, որը գոյություն ունի Ռուսաստանում», - ասաց Նավասարդյանը։

Ստյոպա Սաֆարյանն իր հերթին նշում է. - «Միայն այն, որ մենք երկու տարի է չենք կարողանում Եվրամիության հետ որևէ փոքր փաստաթուղթ ստորագրել, սա նույնպես ինքնիշխանության կորստի մասին է։ Այս միտումների դեմը չառնելու դեպքում, մենք շատ ավելի բարդ իրավիճակներում ենք հայտնվելու, շատ ավելի կախյալ, շատ ավելի վտանգաշատ։ Այսօր արդեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս վարչապետի, խոսում են դոլար, եվրոյից հրաժարվելու մասին, չպետք է թույլ տրվի դա, պետք է հասնել այսպիսի կառավարության հրաժարականին, որը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի անկախությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG