Մատչելիության հղումներ

logo-print

Թաթարները և ուկրաինացիները շրջափակման են ենթարկում Ղրիմը


Ուկրաինայի մայր տարածքից Ղրիմի թերակղզի տանող «Չապլինկա» և «Կալանչակ» անցակետերը շրջափակման են ենթարկված, 21-ը սեպտեմբերի, 2015թ.

Ուկրաինայի մայր տարածքից Ղրիմի թերակղզի տանող «Չապլինկա» և «Կալանչակ» անցակետերը շրջափակման են ենթարկված, 21-ը սեպտեմբերի, 2015թ.

Ղրիմի փաստացի ղեկավարը լուրջ չի ընդունում բլոկադան

Ղրիմի թաթարները և «Աջ սեկտոր» ծայրահեղ աջակողմյան շարժման ուկրաինացի ակտիվիստները փակել են Ուկրաինայից թերակղզի տանող ավտոճանապարհները։ Շրջափակման նպատակն է կանխել պարենի մատակարարումը։

«Մենք պայքարում ենք Ղրիմի բռնազավթման և թաթարների իրավունքների ոտնահարման դեմ, մեր պայքարն Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար է»,- ասել է Ղրիմի թաթարների առաջնորդ Ռեֆատ Չուբարովը։

Լրատվական գործակալությունները հիշեցնում են, որ խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի 1944 թվականի հրամանագրով Ղրիմի թաթարական բնակչությունը` գերմանացի ֆաշիստներին սատարելու մեղադրանքով, արտաքսվել է Սիբիր և Կենտրոնական Ասիա, և միայն 1980-ականներին է սկսել վերադառնալ թերակղզի։

Ղրիմի մոտ 300 հազարի հասնող թաթարական բնակչության մեծ մասը դեմ է ռուսների կողմից թերակղզու բռնազավթմանը, մոտ 10 հազար թաթարներ տեղափոխվել են բուն Ուկրաինայի տարածք։

Ղրիմի փաստացի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն ասել է, որ թերակղզու մատակարարման ընդամենը 5 տոկոսն է իրականացվում Ուկրաինայից, այնպես որ Ղրիմը ոչ մի դեպքում բլոկադայի չի ենթարկվի։ Բուն ուկրաինական արտադրության պարենի պաշարները կարող են սպառվել երկու շաբաթվա ընթացքում։

«Մեր շուկաներում մթերքի 95 տոկոսը տեղական է և ռուսաստանյան, մենք նրանց այդ նախաձեռնության մասին դեռ մեկ ամիս առաջ ենք իմացել, բոլոր խանութները հասցրել են պայմանագրեր կնքել ռուսաստանյան մատակարարների հետ, Ղրիմն այս այսպես կոչված «բլոկադան» շատ հանգիստ կվերապրի»,- հավաստիացրել է Ակսյոնովը։

Նրա համոզմամբ, թաթարների և «Աջ սեկտորի» ակտիվիստների նախաձեռնությունից տուժելու է Ուկրաինան` նախևառաջ Խերսոնի, Նիկոլաևի և Զապորոժիեի շրջանների գյուղացիությունը։

Ի դեպ, «բլոկադայի» նախաձեռնողները փակել են ճանապարհները միայն բեռնատարների համար, մասնավոր ավտոմեքենաները և հետիոտները հանգիստ կարող են մեկնել Ղրիմ և վերադառնալ։

Թաթարներն ու «Աջ սեկտորի» ակտիվիստները ներկայացրել են երեք հիմնական պահանջ. ազատ արձակել, ինչպես իրենք են որակում, քաղբանտարկյալներ՝ օդաչու Նադեժդա Սավչենկոյին և ռեժիսոր Օլեգ Սենցովին, ազատ աշխատելու պայմաններ տալ ԶԼՄ-ներին և դադարեցնել Ղրիմի թաթարների հալածանքներն ու թույլ տալ թաթարական բնակչության առաջնորդներին վերադառնալ թերակղզի։

«Ռուսաստանը` ագրեսոր պետություն»

Մինչդեռ, Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի վեճը շարունակվում է։ Այսօր Ուկրաինա է մեկնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ենթադրվում է, որ հենց նրա ներկայությամբ Ուկրաինայի ղեկավարությունը կստորագրի երկրի ռազմական նոր վարդապետությունը։

Այդ փաստաթղթում Ռուսաստանը նշված կլինի որպես ագրեսոր պետություն։

«Այցը շրջադարձային է և ունի խորհրդանշական մեծ կարևորություն։ Սովետական տարիներին Ուկրաինան պատրաստվում էր ետ մղել հարձակումն Արևմուտքից, բայց իրականում հարձակման ենթարկվեց Արևելքից»,- ասել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավար Եգոր Բոժոկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG