Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 21-ը մեր հավատի, մեր համոզմունքների ու մեր վստահության խորհրդանիշն է. Սերժ Սարգսյան


Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության նախագահը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

«Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:

Մեր պատմության օրացույցում կան թերթեր, որոնք շարված են ոսկե տառերով, թերթեր, որոնք մեր ճակատագիրն են դարձել տասնամյակներ, դարեր ու հազարամյակներ շարունակ։ Դարձել են նաև մեր ազգային կերպարն աշխարհին ներկայացնող անձնագրի էջերը։

Ոսկետառ հենց այսպիսի նոր էջ գրեց մեր ժողովուրդն իր պատմական հիշողության օրացույցում քսանչորս տարի առաջ` այս օրը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մի ողջ ժողովուրդ գրեթե միաբերան հայտարարեց ի լուր աշխարհի, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բեռը, պատասխանատվությունը, պատիվը։

Եվ ամեն անգամ, երբ օրացուցային տարին բոլորելուն մնում է ուղիղ հարյուր և մեկ օր, մենք վերահաստատում ենք մեր այս ուխտը և ի լուր աշխարհի հայտարարում` մենք այստեղ ենք, մենք անսասան ենք ու հաստատակամ։ Մենք ենք մեր ճակատագրի տերը, ու մերն է մեր նախնիների ժառանգությունը։ Մենք ենք մեր զավակների անամպ առավոտների երաշխավորն ու մեր ծնողների խաղաղ մայրամուտի գրավականը։ Մենք` և ոչ այլ ոք։

Անկախության կանչին մեր միասնական ու հնչեղ արձագանքը, մեր «Այո»-ն հրաշք գործեց։ Ծնեց անկոտրում այն զինվորին, ում այսօր սառնասիրտ վարձկանից ու զոմբիացված հրոսակից բաժանում է ընդամենը հարյուր քայլ։ Այն զինվորին, ով գիտի, սակայն, որ իր եղբայրների ու քույրերի, հայրերի ու մայրերի անդորրն ու խաղաղ քունը, գոյությունն իսկ անէությունից բաժանում է հենց այդ հարյուր քայլը։ Այն զինվորին, ով արկածախնդիր հարևանին այդ հարյուր քայլը հաղթահարելու ամեն մի փորձի դիմաց ստիպում է վճարել, շատ թանկ վճարել։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Օրացույցի այս օրը խորհուրդ ունի ոչ միայն մեզ համար, այլև համայն մարդկության համար։ Զուգադիպություն է, թե ճակատագիր, սակայն հենց այս օրը, երբ մեր ժողովուրդը ցնծում է անկախ ու խաղաղ ապրելու իր կամքի տոնին, Միավորված ազգերի կենտրոնակայանում զարկում է Խաղաղության զանգը։ Զրնգում է հնչեղ ու բարձր։ Ու ոգեկոչում է բոլորի հիշատակը, ովքեր զոհվել ու զոհվում են պատերազմի նախճիրում։ Զրնգում է` ի հիշեցում խաղաղ ապրելու և բռնությունից զերծ մնալու մարդու հիմնարար իրավունքի։ Զրնգում է` պահանջելով հրադադար ու խաղաղություն երեխաների ու տարեցների, կանանց ու տղամարդկանց համար։

Ցավոք, Խաղաղության միջազգային այս օրն անգամ Խաղաղության զանգի հնչյունները հաճախ խլանում են կրակահերթերից ու արկերի պայթյուններից, հրետանային համազարկերից ու հրթիռակոծության թնդյուններից։

Մեր սահմաններին, մեր գյուղերում, մեր լեռներում, մեր հովիտներում էլ սեպտեմբերի 21-ի գիշերը երբեմն, ավաղ, լուսանում է ոչ թե Խաղաղության զանգի հնչյուններով, այլ մարտական ահազանգի կոչնակով։

Պատերազմի ճիրաններում գալարվում են մեր դռնից համաշխարհային չափանիշներով մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող` ցեղասպանության արհավիրքից մազապուրծ մեր պապերին ու տատերին պատսպարած Մերձավոր Արևելքի ժողովուրդները։ Սեպտեմբերի 21-ին երկուսուկես տասնամյակ առաջ մեր հնչեղ «Այո»-ն այսօր ապաստան ու ջերմություն է դարձել Մերձավոր Արևելքի ամենակուլ հակամարտություններից տնահալած մեր արյունակիցներին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 21-ի գլխավոր խորհուրդը, թերևս, մեր որոշումների գինն է սերունդների համար ու մեր պատասխանատվությունը՝ գալիքի հանդեպ, այն հետքը, որ մեր գործերն ու անգործությունը ժամանակի խորքից թողնում են մեր տեսակի ճակատագրի վրա։ Թողնում են` որպես պսակ կամ որպես խարան։

Սահմանադրական բարեփոխումների այս կարևոր փուլում ընտրության առջև կանգնած մեր հայաստանցիները պիտի ականջալուր լինի Սեպտեմբերի 21-ի հենց այս խորհրդին։ Ինչպիսին էլ լինի քո որոշումը, սիրելի՛ հայրենակից, հիշի՛ր, որ քո վճռից կախված է ոչ միայն քո, այլև զավակներիդ ապագան, ոչ այնքան քո, որքան սերունդներիդ ապահովությունն ու բարեկեցությունը։

Թող ընտրության խաչմերուկում հաստատակամ կամ դեռ տարակուսած մեր հայրենակիցների որոշումը լուսավորեն Սեպտեմբերի 21-ի՝ մեր ապագայի խավարը ցրող ճառագայթները։

Իշխանության հակակշիռների զարգացման, իրավունքի և պատասխանատվության հավասարակշռման վճռորոշ դարպասների առջև` վստահ եմ, պիտի կարողանանք քաջություն ունենալ ընդառաջ գնալու փոփոխություններին, անսալու ժամանակի հրամայականին ու դուրս գալու նորի հանդեպ վախի ճիրաններից։ Հանուն սերունդների։ Հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության հանդեպ մեծագույն հանցագործություններից մեկը վերապրած մեր ժողովրդի համար Սեպտեմբերի 21-ը նաև վերածննդի խորհուրդ ունի։

Այո՛, օրացույցի այս թերթը լեցուն է նաև մեր ժողովրդի արյամբ հագեցած տողերով։ Մենք լավ ենք հիշում այդ տողերը։ Եվ հիշելու ենք, քանզի մեր երակներում Վանում, Մուշում, Տրապիզոնում, Երզնկայում, Մարաշում, Սեբաստիայում, Էրզրումում ու Խարբերդում Օսմանյան կայսրության սրով նահատակված մեր հարազատների արյունն է հոսում։ Մերն է նաև նրանց պատգամը՝ անել ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր տեսակի գլխին այլևս երբեք չծանրանա բնաջնջման ու կոտորածի վտանգը։ Մերն է հավատը, որ հակասություններով ու վտանգներով լի աշխարհում, որ խելահեղ ու արագընթաց մեր օրերում հայի հարատևության միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխան, անկախ պետականությունն է։ Մերն է համոզմունքը, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է։ Մերն է վստահությունը, որ արտաքին ու ներքին մարտահրավերներին արձագանքելու կարող միակ ուժը ժողովրդի միասնականությունն է բախտորոշ պահերին ու կարևորագույն խնդիրներում։

Սեպտեմբերի 21-ը մեր հավատի, մեր համոզմունքների ու մեր վստահության խորհրդանիշն է։

Շնորհավո՛ր Անկախության տոնը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG