Մատչելիության հղումներ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ նախնական տվյալներով՝ 26-ամյս սպա Սուրեն Դավթյանը մահացել է ավտովթարի հետևանքով։

Համաձայն Քննչական կոմիտեի հաղորդագրության, սեպտեմբերի 20-ին` ժամը 18:00-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Վալերիկ Դավթյանից հաղորդում է ստացվել, որ որդին՝ Սուրեն Դավթյանը, սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 21-ին՝ ժամը 08:40-ին, Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի «Բոշկայի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է Սուրեն Դավթյանի վթարված ավտոմեքենան և նրա դին՝ ավտոմեքենայից դուրս ընկած:

Նախնական քննության տվյալներով՝ 26-ամյա Ս. Դավթյանը (զինծառայող, սպա), վարելով անձնական օգտագործման «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 202-րդ կմ հատվածում դուրս է եկել ավտոճանապարհի՝ իր երթևեկելի գոտուց, գլորվել աջակողմյան ձորը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Կատարվել են դիակի, դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ: Փորձագետների դիտարկմամբ՝ դիակի վրա հայտնաբերվել են ճանապարհատրանսպորտային պատահարին բնորոշ մարմնական վնասվածքներ:

Գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատատեխնիկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG