Մատչելիության հղումներ

Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները չեն ընդունել Սերժ Սարգսյանի հրավերը


Մուսինյանի խոսքով, անկախությունը մսխողների հետ Անկախության տոն նշելու չէ։ Սողոմոնյանի խոսքով, Քոչարյանը քաղաքում չէ։

Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն մասնակցի Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած պաշտոնական ընդունելությանը, թեև հրավեր ստացել են:

Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, «իրենք չեն կարող Հայաստանի անկախությունը մսխողների հետ տոնել այս օրը»։

«Սովորաբար մենք նշում ենք մեր կուսակիցների, համակիրների, կուսակցական ընկերների, այն մարդկանց, ովքեր կանգնած են եղել անկախության ակունքներում, այդ մարդկանց հետ, դա արդեն քանի տարվա ավանդույթ է։ Անձի խնդիր չկա, այլ, եթե ուզում եք, քաղաքական խնդիր կա՝ այն մարդկանց, ովքեր այսօր անկախությունը մսխում են, նրանց հետ Անկախության տոն նշելու չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մուսինյանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է, բայց քաղաքում չէ և չի մասնակցի այսօրվա միջոցառմանը։

ԲՀԿ նախկին առաջնորդ, նախկին եռյակի առանցքային անդամ Գագիկ Ծառուկյանը նույնպես ներկա չի լինի պաշտոնական միջոցառմանը: Ինչպես «Ազատության»-ը տեղեկացրեց վերջինիս խոսնակ Իվետա Տոնոյանը, Ծառուկյանը ևս Սերժ Սարգսյանից հրավեր ստացել է, սակայն մասնավոր այցով գտնվում է արտերկրում:

Նկատենք՝ Ծառուկյանը նախորդ տարիներին ևս, տարբեր պատճառաբանություններով, չի մասնակցել Հայաստանի Անկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառումներին:

Փոխարենն այս տարի Մարզահամերգային համալիրում ներկա կլինի ԲՀԿ ներկայիս ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խմբակցության պատգամավորների հետ միասին:

Պաշտոնական ընդունելությանը կմասնակցի նաև եռյակի նախկին անդամ, «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով անցած շաբաթ դուրս եկավ «Ժառանգություն»-ից: Մինչդեռ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի հրավերը մերժողների շարքում է: Նա Հայաստանի Անկախության օրը Մարզահամերգային համալիրում տոնելու փոխարեն այսօր այցելեց «Եռաբլուր»՝ ծաղիկներ դնելով զորավար Անդրանիկի, Վազգեն Սարգսյանի, Մոնթեի և Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) զինվորների շիրիմներին:

Փոստանջյանը նշում է, որ պատգամավորության տարիներին բազմիցս է նախագահականից հրավերներ ստացել, սակայն Բաղրամյան 26-ում մեկ անգամ է եղել:

«Ընդամենը մեկ անգամ եմ այդ հրավերը, փաստորեն, օգտագործել և գնացել եմ Բաղրամյան 26 շուրջ ինը տարի առաջ, այն էլ՝ բողոքի ակցիայի տեսքով, և չեմ կարծում, որ դրանից հետո ես պետք է գնայի, որովհետև նախագահները, որը պաշտոնավարում է այս պահին էլ, նրանք իրապես Անկախության տոնի կրողը չեն, և իրենց կողմից այդ նախաձեռնությունը հարգանքի արժանի չէ։ Այդ պատճառով էլ ես մերժել եմ այդ հրավերը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը՝ հավելելով. - «Մեր մեսիջն այն է, որ դուք այդ իրավասությունները չունեք, ձեր նպատակները, որն իրականացրել եք մինչ այս պահը, արդար չեն, և, ըստ էության, դուք ոչ թե տոնում եք մեր Անկախության տոնը, այլ ձեր համար խնջույք եք կազմակերպել»։

«Ազատության» դիտարկմանը, թե ինը տարի առաջ նախագահականում իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Փոստանջյանը կրում էր Ղարաբաղյան պատերազմն անցած, այն ժամանակ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի լուսանկարով վերնաշապիկ, և հարցին, թե այս անգամ չցանկացա՞վ նույն կերպ ինչ-որ մի ակցիա իրականացնել, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Այն ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահի անունից հանդես էր գալիս Ռոբերտ Քոչարյանը, և չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրված էր, բայց այնուամենայնիվ ես ուզեցի հասկացնել իրեն, որ կան մարդիկ, ովքեր պայքարել են Հայաստանի անկախության համար։ «Ազատություն անկախության մարտիկին»՝ այդպես էր գրված իմ այդ շապիկի վրա, և հենց դա էի ուզում հասկացնել իրեն՝ անկախության համար պայքարողները չպետք է գտնվեն բանտախցում, այլ պետք է լինեն ազատության մեջ և հնարավորություն ունենան իրենք էլ տոնելու Անկախությունը»։

Փոստանջյանի խոսքով, դրանից հետո արդեն պայքարը պետք է ընթանար այլ հունով։ «Սերժ Սարգսյանին ես հասկացրել եմ իր տեղը, դերը և կարգավիճակը՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, հետևաբար կրկին ասելիք անձամբ իրեն ես չունեմ», - հայտարարեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG