Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Անկախության տոնը նվիրական է


Նախագահ Սերժ Սարգսյանը Պատվո շքանշան է հանձնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2015թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը Պատվո շքանշան է հանձնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2015թ․

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:

Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգևները:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

«Պետական պարգևներ հանձնելու արարողությունները սովորաբար տեղի են ունենում կարևոր տոների կապակցությամբ: Անկախության տոնը նվիրական է և լուսավոր այնպես, ինչպես անկախության սերունդն է, որին փոխանցելու եք ձեր ասպարեզներում նվաճած բարձունքները», - ասել է, մասնավորապես, նախագահը:

«Մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ անխախտ առաջընթացի համար անհրաժեշտ է ճանաչել, գնահատել և խրախուսել արժանավորներին: Մեր պետության հիմքում պետք է ամրապնդենք արդարության սկզբունքը, որպեսզի ի վիճակի լինենք լավն ու բարին տարանջատել վատից ու չարից», - նշել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Այստեղ ներկա են մեր երկրի ու հասարակության արժանավոր շատ զավակներ: Այս պարգևները ձեր ազնիվ, արգասաբեր աշխատանքի և ծառայության համար մեր ժողովրդի երախտագիտությունն արտահայտելու լոկ խորհրդանշական միջոց են: Չեմ կասկածում, որ բոլոր նվիրյալների ժամանակն էլ գալու է, և պարգևները գտնելու են մյուս արժանավորներին»:

«Մենք երախտապարտ ենք տարբեր ոլորտների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց աշխատանքով, հետևողականությամբ, ստեղծագործական անսպառ եռանդով և ապագայի նկատմամբ հավատով առաջ են մղում մեր հասարակությունն ու երկիրը», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 16-ի հրամանագրերով, մասնավորապես, Պատվո շքանշան է շնորհվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան՝ Տանն Կիլիկիո Ներսես Պետրոս 19-րդ Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքին (հետմահու), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշան՝ ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչում՝ դերասան Հրանտ Թոխատյանին, վաստակավոր արտիստի կոչում՝ երգիչ Հարութ Փամբուկչյանին, վաստակավոր բժշկի կոչում՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արայիկ Ասոյանին, մշակույթի վաստակավոր գործի կոչում՝ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին, արդարադատության գեներալ-մայորի կոչում՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG