Մատչելիության հղումներ

Նախագահը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ


Չինաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը Պեկինում, մարտ, 2015թ․

Չինաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը Պեկինում, մարտ, 2015թ․

Հայաստանի Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և ժողովրդի ու անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակի կապակցությամբ Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է Սի Ծինփինի ուղերձում: - «Ես մեծ նշանակություն եմ տալիս չին - հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին հետագա ջանքեր ներդնել՝ դրանք հետևողականորեն առաջ մղելու նոր մակարդակի: Ձեր երկրին մաղթում եմ բարգավաճում, իսկ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

Տոնի առթիվ Հայաստանի նախագահին ուղղված՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը շնորհավորել Ձեր Ազգային օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները՝ մաղթելով երջանկություն ու բարգավաճ ապագա»:

Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Այս՝ Ձեր երկրի համար նշանակալի ոգեկոչման 2015 թվականին, Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին: Մեր երկու երկրների միջև սերտ և փոխվստահելի հարաբերությունները Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր արագ և բազմակողմանի զարգացում են ապրել: Դրա լավագույն օրինակը երկկողմ սերտ շփումներն են մշակույթի և գիտության ոլորտներում: Արտաքին քաղաքական ոլորտում Գերմանիան սատարում է Հայաստանի պատրաստակամությունը՝ Արևելյան գործընկերության շրջանակում շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը: Դրանով Ձեր երկիրը ցույց է տալիս, որ Եվրամիության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ու եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների միաժամանակյա սերտացումը հնարավոր է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ լուծումը, ինչպես նաև հայ - թուրքական փոխըմբռնումն իմ սրտի ցանկությունն են: Գերմանիան երկու հարցերում էլ կշարունակի երկխոսությանը սատարելու իր ջանքերը»:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը, Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջին, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Պիթեր Քոսգրովը, Սինգապուրի նախագահ Թոնի Թան Քենգ Յամը, Իրաքի նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումը:

Հայաստանի նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG