Մատչելիության հղումներ

logo-print
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ ինձ պատիվ էր վիճակվել լինելու Գլենդեյլում Հայաստանի հյուպատոսության կազմակերպած տոնակատարության գլխավոր բանախոսը: Ահա հատվածներ իմ ելույթից, որոնք արտացոլում են մեր երկրի ձեռքբերումներից մի քանիսը՝ անկախացումից ի վեր, և մարտահրավերները, որոնք մինչ օրս ծառացած են նրա առջև:

Առաջին տարիներին Հայաստանի Հանրապետության առավել նշանակալի ձեռքբերումը Ղարաբաղի ազատագրումն էր և Արցախի Հանրապետության հռչակումը: Արդյունքում, 20 տարեկանից ցածր հայերի մի ամբողջ սերունդ, որը ծնվել և մեծացել է անկախ Արցախում, նույնիսկ մեկ օր չի ապրել և Աստծո կամոք այլևս երբեք չի ապրի Ադրբեջանի վարչակարգի լծի տակ․․․ Արցախի անկախությունը անշրջելի իրողություն է: Արցախն այլևս երբեք չի լինի Ադրբեջանի կազմում․․․

Սակայն, մեր մարտահրավերներն Արցախում դեռ չեն ավարտվել: Թեև ճիշտ է, որ մենք զոհողությունների գնով հաղթեցինք պատերազմում, բայց այժմ էլ պետք է նվաճենք խաղաղությունը․․․ Դեռ վաղ է թուլացնելու մեր զգոնությունը: Հայաստանի սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը պարբերաբար հայտնվում են ադրբեջանական հրետակոծությունների տակ:

Մի շարք քայլեր պետք է ձեռնարկենք Արցախի անկախությունն ապահովելու նպատակով: Արցախը ոչ միայն պետք է գոյատևի, այլև բարգավաճի... Այս հրատապ անհրաժեշտությունն իրականացնելու համար մենք պետք է առաջին հերթին ամրապնդենք Արցախի պաշտպանությունը: Պատերազմից խուսափելու լավագույն միջոցը լավ պաշտպանություն ունենալն է:

Ադրբեջանցիների համար Լեռնային Ղարաբաղը վերստանալը անիմաստ շքեղություն է, իսկ հայերի համար Արցախը կենսական անհրաժեշտություն է․․․

Բացի Արցախի պաշտպանության ամրապնդումից, պետք է ավելացնենք նաև նրա բնակչության թիվը: Մենք պետք է նոր փաստարկներ ստեղծենք, որպեսզի ադրբեջանական վարչակարգը համոզվի, որ հայերն Արցախը լքելու փոխարեն ավելի մեծ թվով են այնտեղ վերաբնակվում, այդպիսով գործնականում անհնար դարձնելով տարածքների վերադարձը:

Մյուս կարևոր նպատակն է՝ ամուր իրավական հիմքերի վրա դնել Արցախի անկախությունը և միջազգային ճանաչում ձեռք բերել: Ամերիկահայ համայնքը հաջողությամբ դիմակայում է խոշոր չափերով ֆինանսավորվող ադրբեջանական լոբբիին Վաշինգտոնում և բոլոր 50 նահանգներում:

Վերջապես, մենք պետք է ավելի լավ կենսապայմաններ ստեղծենք՝ ապահովելով բնակարանով և աշխատանքով, որպեսզի այնտեղ ապրող հայերը, և նրանք, ովքեր մտադիր են վերաբնակվել, կարողանան ապրել անվտանգ և բարեկեցիկ կյանքով:

Սակայն դժվարությունների այս բեռը չպետք է թողնել միայն Արցախի ժողովրդի ուսերին, այն պետք է հաղթահարել համայն հայության և նրա աջակիցների միասնական կամքի շնորհիվ:

Արցախի վերածնունդն ապահովելու համար մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան, որը նաև աշխարհասփյուռ հայ համայնքների պահպանման երաշխիքն է:

Այժմ, անկախության վերականգնումից գրեթե քառորդ դար անց, մենք հնարավոր ամեն բան պետք է անենք՝ ապահովելու մեր հայրենիքի անվտանգությունն ու բարգավաճումը:

Անկախ մեր գաղափարական, քաղաքական և կրոնական տարաձայնություններից՝ մենք ԲՈԼՈՐՍ պետք է միավորվենք մեր եռագույն դրոշի ներքո: Էական չէ, արդյոք մենք համաձայն ենք այս կամ այն ղեկավարի հետ, թե՝ ոչ: Պետական պաշտոնյաները գալիս ու գնում են, իսկ հայ ժողովուրդն ու հայրենիքը հավերժական են․․․

Սակայն, մենք պետք է հաշվի առնենք, որ փոխհարաբերությունը քաղաքացիների և նրանց կառավարության միջև երկկողմանի փողոց է: Պետպաշտոնյաները պարտավոր են ստեղծել մի սոցիալական միջավայր, որն արդար է, բարեկեցիկ կյանքին նպաստող և խտրականությունից ու ահաբեկումից զերծ: Քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ժողովրդավարական գործընթացների միջոցով ընտրել իրենց նախընտրած ներկայացուցիչներին՝ առանց իշխանությունների միջամտության:

Մյուս կողմից, ընդդիմությունը պատասխանատու է հաշվետու պահել կառավարությանը նրա գործողությունների համար՝ կառուցողական քննադատության և խաղաղ միջոցներով՝ առանց վտանգելու երկրի կայունությունն ու անվտանգությունը:

Ցավոք, Հայաստանում դեռևս մեծ չափերի են հասնում աղքատությունը և գործազրկությունը: Անհապաղ պետք է լուծումներ գտնել քաղցածներին կերակրելու, կարիքավորներին օգնելու և հիվանդներին բուժելու համար, ինչը կկանգնեցնի արտագաղթի ալիքը՝ մեր հայրենիքի գոյատևման սպառնալիքը․․․

Չնայած դժվարություններին, որոնք շարունակում են ցավ ու տառապանք պատճառել շատ հայերի, մի մասը մարդկանց կողմից ստեղծված, մյուս մասը՝ պայմանավորված կառավարության վերահսկողությունից անկախ հանգամանքներով, ինչպիսին են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակումները, պետք է ընդունել, որ վերջին 24 տարիների ընթացքում Հայաստանի բնակչության կենսապայմանների աստիճանական առաջընթաց է գրանցվել:

Մյուս նշանակալի ձեռքբերումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումն էր ամբողջ աշխարհում այս տարվա սկզբին: Շնորհիվ վերջին հարյուր տարվա ընթացքում Սփյուռքի համառ ջանքերի և վերջին քառորդ դարում Հայաստանի կառավարության միջազգային դիվանագիտական շփումների՝ Ցեղասպանության ճանաչման փուլը հիմնականում ավարտված է: Մենք այժմ պետք է արդարության հասնենք փոխհատուցման միջոցով: Թուրքական կառավարությունը պետք է վերադարձնի այն ամենը, ինչ առգրավվել էր Ցեղասպանության ժամանակ, և փոխհատուցում վճարի այն ամենի համար, ինչ հնարավոր չէ վերադարձնել:

Մեր առջև ծառացած հիմնախնդիրն է՝ ավելի արդյունավետ մեխանիզմ ստեղծել Հայաստանի, Արցախի և ամբողջ Սփյուռքի բոլոր 10 միլիոն հայերի ջանքերը համադրելու համար:

Այդպիսի մի մոտեցում կարող է լինել տարբեր երկրներում գոյություն ունեցող Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբերի, ինչպես նաև Երևանում գտնվող 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի վերանվանումն ու վերածումը մշտապես գործող մարմինների, որոնք պատասխանատու կլինեն հետևյալի համար.

1) կառավարել բոլոր համահայկական խնդիրները և ճգնաժամերը, որոնք ազդում են հայկական համայնքների վրա, ինչպես՝ Սիրիայի դեպքում.

2) ուժեղացնել Արցախի անվտանգությունը, տնտեսությունը և ինքնավարությունը.

3) դադարեցնել արտագաղթը Հայաստանից և հետ շրջել այն.

4) ձգտել փոխհատուցման Թուրքիայից՝ Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի կրած բոլոր մարդկային և նյութական կորուստների համար:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG