Մատչելիության հղումներ

Գերմանիայի դեսպան․ «Եվրամիության դռները Հայաստանի առջև փակ չեն»


Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլեր, 19-ը սեպտեմբերի, 2015թ․

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլեր, 19-ը սեպտեմբերի, 2015թ․

Դեսպան Քիսլերի համոզմամբ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջագծում տեղի ունեցող գործընթացները «կարող են լավ հիմք հանդիսանալ հետագա համաձայնությունների ձեռք բերման համար»։

Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով, պետք է ուսումնասիրվեն բոլոր հնարավորությունները՝ «Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն ավելի սերտ դարձնելու համար»:

Այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին, դեսպանը նշեց․ - «Բոլորը տեղյակ են այն որոշման մասին, որ Հայաստանն ընդունեց 2013-ի սեպտեմբերին։ Դա որոշում էր՝ ընդունված ձեր կառավարության և պատասխանատու անձանց կողմից: Բայց Եվրամիության դռներն, իհարկե, Հայաստանի համար փակ չեն»։

Քիսլերն ասաց, թե հիմա նոր համաձայնագրի պատրաստման գործընթաց է ընթանում՝ համոզմունք հայտնելով, որ «դա կարող է լավ հիմք հանդիսանալ հետագա համաձայնությունների ձեռք բերման համար»։

Դեսպանը դժվարացավ նոր փաստաթղթի ստորագրման ստույգ ժամկետներ նշել: «Ես չեմ կարող կանխագուշակել ապագան, միայն գիտեմ, որ Եվրամիության կողմից այս ուղղությամբ արվում է հնարավորը: Գերմանիան, որպես Եվրամիության անդամ երկիր, շահագրգիռ է, որ փաստաթղթի ստորագրումն իրականանա որքան հնարավոր է շուտ»,- ասաց Մաթիաս Քիսլերը:

Նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն էր հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ազգությամբ լեհ դիվանագետը նույն օրը հանդիպել էր նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ըստ ստացված պաշտոնական հաղորդագրության, «զրուցակիցները հույս են հայտնել, որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, ինչը նոր թափ կհաղորդի այդ հարաբերություններին»:

XS
SM
MD
LG