Մատչելիության հղումներ

Ազատ է արձակվել Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան


Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան դուրս է գալիս դատարանի դահլիճից, 17-ը սեպտեմբերի, 2015թ․

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան դուրս է գալիս դատարանի դահլիճից, 17-ը սեպտեմբերի, 2015թ․

Թբիլիսիի նախկին քաղաքապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մտերիմ ընկեր Գիգի Ուգուլավան, ով նախնական կալանքի տակ էր գտնվում ավելի քան 14 ամիս, հինգշաբթի օրը ուշ երեկոյան ազատ է արձակվել:

Ուգուլավան ազատ է արձակվել թբիլիսյան քաղաքային դատարանի դահլիճից, Սահմանադրական դատարանի հայտարարությունից մեկ օր անց:

Նախօրեին Վրաստանի Սահմանադրական դատարանը հայտարարել էր, որ մեղադրյալին 9 ամսից ավելի նախնական կալանքի տակ պահելը ապօրինի է:

Դատարանի բակում հավաքված իր համախոհներին ուղղված խոսքում Սաակաշվիլիի զինակից Ուգուլավան իրեն անվանել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «անձնական բանտարկյալ»:

«Այսօրվա դատախազության գործողությունները պարզ ապացույցն են այն բանի, որ Իվանիշվիլին և նրա կառավարությունը չեն հաշտվել և չեն հաշտվելու Սահմանադրական դատարանի այս որոշման հետ: Դատարանն այսօր պարզապես անելանելի վիճակում էր»,- հայտարարել է Թբիլիսիի նախկին քաղաքապետը:

Ուգուլավան ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից է և Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավորներից: Վրաստանում իշխանափոխությունից հետո Ուգուլավայի, ինչպես նաև նախկին կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ մի ամբողջ շարք մեղադրանքներ են առաջադրվել՝ այդ թվում պետական միջոցների յուրացում: Նախկին քաղաքապետը, ինչպես նաև Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչները, այդ մեղադրանքները համարում են քաղաքական հետապնդում:

Ուգուլավան, ով ձերբակալվել էր անցյալ տարվա հուլիսին՝ Թբիլիսիի օդանավակայանում, մեղադրվում էր ապօրինի եկամուտներ օրինականացնելու և կեղծ պաշտոնական փաստաթղթերի օգտագործում կազմակերպելու մեջ:

2015 թվականի մարտին՝ Ուգուլավայի 9 ամսվա նախնական կալանքը լրանալուն պես, Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի մասին նոր որոշում էր կայացրել արդեն մեկ այլ գործով: Ըստ նոր գործի նա մեղադրվում է լրատվամիջոցներ մենաշնորհելու և հանգուցյալ օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող «Իմեդի» հեռուստաընկերությունը, Թբիլիսիի Մտածմինդա այգին ապօրինի ճանապարհով ձեռք բերելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG