Մատչելիության հղումներ

logo-print

Դաշնակցությունը Ռուբիկ Հակոբյանին դավաճան չի համարում


ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյան

ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը հեռացավ «Ժառանգությունից», վայր դրեց խմբակցության ղեկավարի լիազորությունները՝ իր ծրագրերի մասին տեղեկացնելով ֆեյսբուքյան էջում: Պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին՝ ոչ մի խոսք:

Գրել էր՝ վերջին իր և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին, թե՛ ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում համատեղ թիմային աշխատանքը:

Օրվա վերջին Սահմանադրության նախագծի մասին ելույթ ունենալու համար խորհրդարան եկած Հակոբյանը լրագրողների հետ շփվելու առանձնապես մեծ ցանկությամբ աչքի չընկավ:

«Այն, ինչ կար ֆեյսբուքյան իմ էջում՝ այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ», - ասաց նա:

Ռուբիկ Հակոբյանի որոշման, նաև դրա ձևակերպման մասին «Ժառանգությունում» տեղեկացել են մամուլից, քննարկել են կուսակցության վարչության նիստում, սակայն մեկնաբանություններ դեռևս հրաժարվում են անել, միայն տեղեկացնելով, որ «Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը: Նա չորս հոգանոց խմբակցությունում «Ժառանգության» միակ ներկայացուցիչն է: Ալեքսանդր Արզումանյանը ՀՀՇ անդամ է, Թևան Պողոսյանն՝ անկուսակցական է, այսօրվանից նույն կարգավիճակն ունի նաև Ռուբիկ Հակոբյանը:

Խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ցավում է, բայց՝ հարգում Հակոբյանի որոշումը: Ասաց՝ «Ժառանգությունը» սպասվող քննարկումներից հետո կորոշի՝ պահպանո՞ւմ է պաշտոնը, թե՞ հրաժարվում դրանից:

«Ընդամենը ունի մեկ ֆունկցիա, երբ խմբակցության ղեկավարը բացակայում է՝ ստորագրել խմբակցության անունից ելույթ ունենալու համար, այնպես որ չգիտեմ: Այնպես չէ, որ գրավչության ինչ-որ յուրահատուկ բաներ կան: Կարող եմ նաև զիջել, կարող եմ նաև պահել [քարտուղարի պաշտոնը]», - նշեց նա:

Ռուբիկ Հակոբյանը 2010-ից է «Ժառանգությունում»: Մինչ այդ՝ 1994-2008 թվականներին, Դաշնակցության անդամ էր: Կուսակցությունից հեռացվել է հակականոնադրային գործունեության համար՝ Դաշնակցությանը մեղադրում էր նախագահական ընտրություններում և ընտրություններից հետո ցուցաբերած անսկզբունքայնության մեջ:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց՝ «երբեք մի՛ ասա երբեք»: Եթե պարոն Հակոբյանը ցանկանա վերադառնալ, դիմում գրի՝ կքննարկեն․ - «Ռուբեն Հակոբյանին մենք դավաճան չենք համարում, և արտաքսված չէ նաև Ռուբեն Հակոբյանը: Հեռացված: Կան տարբեր կատեգորիաներ: 15 տարի Դաշնակցությունից հեռացվելուց հետո Ռոլանդ Շառոյանը դիմեց և վերընդունվեց Դաշնակցության շարքերը, այնպես որ ոչինչ բացառել պետք չէ»:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հավելեց․ - «Ինքը գաղափարապես, այն հայտարարությունները որ անում է, բոլորը բխում են հենց այն ակունքներից, որից Ռուբիկ Հակոբյանը սնվել է»:

Հակոբյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ խոսել էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած քաղաքական տարաձայնություններից, բայց չէր մասնավորեցրել: Դաշնակցական Արմեն Ռուստամյանը փակագծեր է բացում․ - «Ես համարում եմ, որ իր քայլը շատ ճիշտ է, որովհետև չի կարելի՝ մարդը իր կենսագրությունից հրաժարվի: Այսինքն, եթե երկար տարիներ մարդն իսկապես ջատագովն է եղել խորհրդարանական համակարգի, և ավելին ասեմ՝ երբ Դաշնակցությունից ոչ ոք չկար, միայն Ռուբիկ Հակոբյանն էր Ազգային ժողովում ներկայացնում Դաշնակցությունը և մեծ դեր ունի, մեծ լումա ունի հենց այդ տարիներին Դաշնակցության տեսակետները, նույն այլընտրանքային ծրագրերը ներկայացնելու գործում: Ես, իսկապես, մարդկայնորեն շատ խորը ցավ եմ ապրում, տեսնելով, որ ինքն իր ափսեի մեջ իրեն չի զգում: Որովհետև ինքը, ես գիտեմ, վստահաբար կողմնակիցն է եղել խորհրդարանական համակարգի: Ոչ միայն եղել է, այլ դրա համար շատ լուրջ պայքար է տարել մարդը»:

Խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանն էլ է հնարավոր համարում, որ տարաձայնության պատճառը սահմանադրական փոփոխությունները կարող էին լինել: «Ժառանգությունը» հանդես է գալիս «Ոչ»-ի ճամբարում: Ռուբիկ Հակոբյանն իրեն այնտեղ չէր տեսնում:

«Հնարավոր է: Մեկնությունները կանի ինքը, կարծում եմ, մի քիչ ավելի ուշ», - նշեց Սահակյանը:

Հանրապետական Գագիկ Մելիքյանը չի կարծում, թե Հակոբյանը կարող է անդամակցել Հանրապետականին, բայց չի էլ շտապում բացառել:

«Քաղաքականության մեջ որևէ բան չի բացառվում, բայց չեմ կարծում», - ասաց նա:

Մելիքյանը կարծում է՝ «Ժառանգությունում» էլի նման դիմումներ կլինեն․ - «Տարաձայնություններ իրենց կուսակցության մեջ շատ կային և դեռևս կան»:

XS
SM
MD
LG