Մատչելիության հղումներ

Գյումրեցիներին հետաքրքրում են սահմանադրական քննարկումները, բայց նաև նյարդայնանում են դրանցից


«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը սահմանադրական բարեփոխումների դեմ առաջին հանրահավաքը կանցկացնի Գյումրիում՝ սեպտեմբերի 25-ին:

Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնեցին, որ իրազեկումն ընդունվել է ի գիտություն:

Ակտիվիստները հայտարարում են՝ պայքարը հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքից են սկսելու, քանի որ վերջին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը չկարողացավ այստեղ «խփել այնքան, որքան կուզեր»։

Գյումրիում այսօր արած հարցումները ցույց տվեցին, որ շատերն են տեղյակ և սպասում են հանրահավաքին: Ոմանք էլ պատրաստվում են մասնակցել ու «ոչ» ասել Սահմանադրության բարեփոխվելիք տարբերակին:

«Հարցը անմիջապես մեզ է վերաբերում, ոնց չմասնակցենք, մեր բողոքի ձայնը պետք է բարձրացնենք»։ «Մեզ չի հետաքրքրում էդ Սահմանադրությունը, որովհետև դա իրենց համար է, մեզ հետ կապ չունի», «Սահմանադրությունը էնքան է փոխվել, մարդը պիտի փոխվի, ոչ թե Սահմանադրությունը», «Սահմանադրություն փոխելով մեր կյանքը չի բարելավվի», ասում էին գյումրեցիները։

Գյումրեցիները ԱԺ-ում այս օրերին ընթացող սահմանադրական բարեփոխումների շուրջ թեժ քննարկումներին հետևում են, բայց խոստովանում են՝ առաջարկվող փոփոխություններից դեռ գլուխ չեն հանում կամ էլ ավելի շատ նյարդեր են քայքայում.- «Նեռվայնանամ, իզուր կծխեմ, ծխելս կավելանա, իրար կգզեն»։

«Ազատության» զրուցակիցներից որևէ մեկը այսօր սահմանադրական բարեփոխումների մասին դրական կարծիք չհայտնեց: Աղքատության ու գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող «հայրաքաղաքի» բնակիչների համար այժմ ավելի կարևոր ու հրատապ է աշխատանք ունենալը, վստահ են մայր օրենքի փոփոխությունից իրենց կյանքում ոչինչ էլ չի փոխվի:

XS
SM
MD
LG