Մատչելիության հղումներ

Մայրուղին փակած գյուղացիները պահանջում են լուծել խաղողի մթերման հարցը


Զայրացած գյուղացիները պահանջում են լուծել խաղողի մթերման հարցը, Արմավիրի մարզ, 18-ը սեպտեմբերի, 2015թ․

Զայրացած գյուղացիները պահանջում են լուծել խաղողի մթերման հարցը, Արմավիրի մարզ, 18-ը սեպտեմբերի, 2015թ․

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը ամիսներ առաջ հավաստիացրել էր, թե խաղողի բերքը, անկախ որևէ հանգամանքից, ամբողջ ծավալով կիրացվի, մինչդեռ, գյուղացիներն այսօր բողոքում էին, որ «բերքը դաշտերում փչանում է», իսկ մթերումը չի էլ սկսվել:

Այսօր առավոտից Արմավիրի և Արարատի մարզերի տասնյակ բնակիչներ փակել էին Արմավիր-Երևան և Երևան-Արարատ ավտոճանապարհները՝ պահանջելով, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը անձամբ գա ու պարզաբանի, թե ինչու գործարանները չեն սկսել խաղողի մթերումը։

Զայրացած գյուղացիները բողոքում էին, որ բերքը դաշտերում մնալով փչանում է: Անցյալ տարի գործարանները սեպտեմբերի 8-ից արդեն ընդունում էին խաղողը, մինչդեռ այս տարի չեն էլ սկսել:

«Իրա խոսքով ես մեծ այգի եմ գցել, հիմա պայմանագիր չեն կապել իմ հետ, ինչի համար: Իրանք բանավոր, հեռուստատեսությամբ էլ, ամեն ինչով էլ ասել են՝ դրեք, կընդունենք, դրել ենք, դե արեք ընդունեք»,- ասում էր գյուղացիներից մեկը:

Նրանք հիշեցնում են գյուղնախարար Սերգո Կարապետյանի՝ ամիսներ առաջ հնչեցրած հավաստիացումը, թե իրենց բերքը, անկախ որևէ հանգամանքից, ամբողջ ծավալով ու առանց որևէ խնդրի իրացվելու է: Այսօր, սակայն, մթերումը նշված մարզերի որոշ համայնքներում ոչ միայն չի սկսվել, այլև գործարանները զգուշացրել են՝ 5 տոննայից ավելի չեն ընդունելու: Եվ դա այն դեպքում, երբ նախորդ տարիներին սահմանափակումներ չեն եղել:

«Ինչի համար պտի միլիոնատերը գա հարուր հեկտարներով դնի, խեղճ գյուղացին 3 հեկտարը չկարանա իրացնի, իրանք միլիոններով, տոննաներով են հանձնում, ինչի համար»:

Գյուղացիները համաձայնեցին ճանապարհը բացել միայն այն բանից հետո, երբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցնեց՝ գործարանները մթերումը կսկսեն երկու օրից և կընդունեն ամբողջ բերքը:

«Մի կիլոգրամ խաղող չի մնա»,- խոստացավ մարզպետը:

Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով, այս իրավիճակը կանխատեսելի էր: Կոնյակ և գինի արտադրող ընկերությունների մեծ մասի սպառման շուկան Ռուսաստանն էր, որտեղ առկա տնտեսական խնդիրներն ու, մասնավորապես, ռուբլու արժեզրկումը մեծ վնաս են հասցրել նաև Հայաստանի արտահանողներին: Դեռ նախորդ տարվա արտադրանքը չսպառած՝ գործարաններն այժմ չեն շտապում նոր մթերումներ անել:

«Պետությունը պետք է կարողանա միջազգային կառույցներից շատ արագ վարկ վերցնել և ուղղակի որպես դոնոր հանդես գալ, թե չէ գյուղացու բերքը կմնա կփչանա, գյուղացին կաղքատանա, գյուղացին կդժգոհի ու կհուսահատվի նորից»,- ասում է Մակարյանը:

Ըստ նրա, գյուղացիներն իրենց դժգոհությունը պետք է ուղղեն ոչ թե գործարաններին, այլ կառավարությանը, որը, կանխատեսելով հնարավոր բարդությունները, մինչև այսօր լուծումներ չի գտել: Տնտեսագետը համարում է, որ այսօր էլ ուշ չէ, և կառավարությունը կարող է օգնել՝ հարկային արտոնություններ տալով ընդունող գործարաններին կամ սահմանափակելով ներմուծումը, որպեսզի տեղական արտադրանքը սպառվի:

Կառավարությունը, միչդեռ, առայժմ աջակցության որևէ ծրագիր չի ընդունել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը անցած ամիս մթերող գործարարների հետ հանդիպման ժամանակ ընդամենը հորդորում էր, որ «իր խաթեր» նրանք մի քանի տոննա ավելի բերք մթերեն:

Գյուղացիներն այսօր խոստացան, որ եթե խնդիրն առաջիկա օրերին չլուծվի, կրկին կփակեն դեպի Երևան տանող ճանապարհը:

XS
SM
MD
LG