Մատչելիության հղումներ

Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանն ու տնօրեն Վարդան Գրիգորյանը այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրին թատերաշրջանի խաղացանկը, թատրոնի ծրագրերը:

Իր 27-րդ նստաշրջանը թատրոնը կբացի այսօր՝ Դավիթ Հակոբյանի բեմադրած «Անուշ» ներկայացմամբ:

Այս տարի Կամերային երաժշտական թատրոնը հանդիսատեսին կընդունի շուրջ երկու ամիս տևած հիմնանորոգումից հետո․ նորացվել է թատրոնում գրեթե ամեն ինչ՝ պատերը, տանիքը, դռներն ու պատուհանները, հատակի ծածկը, դիմահարդարման և պահեստային սենյակները, լուսատեխնիկական սարքավորումները և այլն:

Թատրոնում նաև այլ փոփոխություններ են տեղի ունեցել․ տարեսկզբին տնօրեն է նշանակվել Վարդան Գրիգորյանը և գլխավոր ռեժիսոր՝ Արմեն Մելիքսեթյանը: Վերջինս, ի դեպ, 15 տարի առաջ բացված Կամերային երաժշտական թատրոնի հիմնադիրն է ու առաջին գեղարվեստական ղեկավարը: Հետո ինչ-ինչ պատճառներով Մելիքսեթյանը հեռացավ թատրոնից և ահա կրկին հրավիրվել է որպես գլխավոր ռեժիսոր:

Ներկայացնելով խաղացանկային ծրագրերը՝ Մելիքսեթյանը շեշտեց․ - «Վերանորոգումների ընթացքում մենք, իհարկե, նաև աշխատում էինք, և աշխատում էինք տարբեր ուղղություններով: Մենք արդեն ունենք համարյա պատրաստ բալետային մի ներկայացում, ունենք պատրաստ վոդևիլ Բենջամեն Բրիտենի: Աշխատում ենք հիմա Լեոնարդ Բեռնստայնի «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլի վրա և Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը» մանկական օպերայի վրա: Եթե կարողանանք ստեղծել հնարավորություն մինչև տարվա վերջ երկու ներկայացում հանձնել հանդիսատեսի դատին, մեզ համար դա կլինի շատ մեծ առաջընթաց»:

Թատրոնում թարմացվել է նաև դերասանական կազմը․ թատերախումբը համալրել են մեկ տասնյակից ավելի երիտասարդ դերասաններ:

Կամերային երաժշտական թատրոնը հատկապես վերջին տարիներին կարծես թե ավելի շատ դրամատիկական ներկայացումներ էր բեմադրում, քան՝ երաժշտական, իսկ այսուհետ թատրոնը, Վարդան Գրիգորյանի խոսքով՝ առաջ է շարժվելու իր կոչմանը համապատասխան․ - «Անցած տարվա աշնանից խնդիր դրվեց, և պարոն Մելիքսեթյանը հրավիրվեց՝ շարունակելու այն թատրոնում, որի հիմքերում ինքը կանգնած էր: Նորից վերադառնանք իր անվանմանը, իր ուղղվածությանը բնորոշ երաժշտական ժանրին: Այն ծրագրերը և այն հայեցակարգը, թե ինչպես եմ ես պատկերացնում թատրոնը ապագայում, բացարձակապես չէր համապատասխանում կադրային այն ամբողջությանը, ինչը կար թատրոնում: Նախ բավականին բարձր էր կենսաթոշակի անցած մարդկանց թիվը, և թատրոնը իսկապես չէր կարող այդ մարդկանցով շարունակել ճանապարհը: Կա՛մ պիտի թողնեինք նույն վիճակում, կա՛մ երիտասարդեցնեինք և նոր կադրերով համալրեինք: Մենք այսօր ունենք ոչ թե մարդկանց խնդիր, այլ կադրերի»:

XS
SM
MD
LG