Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է Սիրիայի հարցով բանակցություններ վարել Ռուսաստանի հետ


Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթ, արխիվ
Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթ, արխիվ

Միացյալ Նահանգները պատրաստ է տակտիկական և գործնական քննարկումների Ռուսաստանի հետ՝ Սիրիայում «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ պայքարի հարցով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Ըրնեսթը՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ:

Պաշտոնական Վաշինգտոնի այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին Ռուսաստանի կողմից Սիրիա ուղարկվող ծանր սպառազինության մասին:

«Մենք կողջունեինք ռուսաստանցիների կառուցողական ներդրումը «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ պայքարող կոալիցիայում»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ըրնեսթի խոսքերով, Օբամայի վարչակազմը նախկինի պես Ռուսաստանին հրավիրում է համագործակցության՝ այդ տարածաշրջանում անկարգություններին վերջ դնելու նպատակով:

«Մենք հասկացրինք, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում, եթե դրանց նպատակը Ասադի ռեժիմի ամրապնդումն է, իրավիճակի ապակայունացման պատճառ կդառնան: Դա աջակցություն է մի ռեժիմի, որը կորցնում է իր իշխանությունը և Սիրիայի քաղաքացիներին դրդում նետվել ծայրահեղականների գիրկը», - հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ Սիրիայի հակամարտության քաղաքական լուծումը հնարավոր է միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկության դեպքում:

«Սիրիան պաշարած քաոսը չունի ռազմական լուծում: Հարցը կլուծվի, եթե ձեռք բերվի քաղաքական համաձայնություն, ըստ որի Ասադը կհեռանա և իշխանության կգա ժողովրդի վստահությունը վայելող և այդ ժողովրդի կամքը արտացոլող կառավարությունը», - ընդգծել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Կրեմլը ևս ավելի վաղ առաջարկել էր բանակցություններ անցկացնել երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչների միջև:

Արևմտյան շատ քաղաքական գործիչներ մտավախություն էին հայտնում, որ Ռուսաստանի մատակարարած զենքը կծառայի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի ամրապնդմանը, չնայած Մոսկվան հայտարարում է, որ զենքի մատակարարումը իրականացվում է գոյություն ունեցող պայմանավորվածությունների շրջանակներում, և այն Դամասկոսին անհրաժեշտ է ջիհադիստների դեմ պայքարում:

«Դժվար է հասկանալ, թե որն է այդ հարցում գլխավոր առաջնահերթությունը», - տարակուսել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ասադի ռեժիմի դեմ ապստամբության առաջին իսկ օրերից Ռուսաստանը պաշտոնական Դամասկոսին թե՛ դիվանագիտական, թե՛ տեխնիկական և թե՛ քաղաքական աջակցություն է ցուցաբերել, չնայած այն հանգամանքին, որ Սիրիայի հակամարտությունն այս տարիների ընթացքում ավելի քան 240 հազար մարդու կյանք է խլել, իսկ մի քանի միլիոն մարդ էլ ստիպված էր լքել երկիրը և փախստական դառնալ:

Մոսկվան շարունակում է պնդել, որ Ասադի բանակը պաշտպանում է երկիրը իսլամիստներից: Մինչդեռ, արևմտյան երկրներից շատերը համարում են, որ Սիրիայում առաջացած քաոսի մեղավորը հենց Ասադն է, ով իր հերթին նպաստել է «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման ստեղծմանը: Սակայն, ինչպես նշում են վերլուծաբանները, քանի որ ջիհադիստների դեմ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական արշավը առայժմ շոշափելի արդյունքներ չի արձանագրել, իսկ սիրիական ընդդիմությունն էլ կորուստներ է կրում արմատական խմբավորումների դեմ պայքարում, Սպիտակ տունը կարող է շահագրգռված լինել Ռուսաստանի ցուցաբերած օգնության հարցում:

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Սիրիայի հարցով տեղի կունենա՞ն բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Անհայտ է նաև, թե ովքեր կմասնակցեն այդ բանակցություններին՝ քաղաքակա՞ն, թե ռազմակա՞ն գործիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG