Մատչելիության հղումներ

logo-print

Reuters. Եվրամիությունը մտադիր է մեկ տարով հանել Բելառուսի դեմ պատժամիջոցները


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և նրա որդի Նիկոլայը կարտոֆիլ են հավաքում, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և նրա որդի Նիկոլայը կարտոֆիլ են հավաքում, արխիվ

Եվրամիությունը մտադիր է մեկ տարով հանել Բելառուսի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ Եվրամիության անդամ երկրներ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մուտքի արգելքը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Մինչ ուկրաինական ճգնաժամը, հիշեցնենք, հենց Լուկաշենկոյին էր Արևմուտքը համարում Եվրոպայի վերջին բռնապետը: Այսօր, սակայն, Եվրամիությունը պատրաստ է առնվազն մեկ տարով հանել մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով շուրջ 200 բելառուսցի պաշտոնյաների դեմ սահմանած պատժամիջոցները: «Սև ցուցակում» կմնան միայն հատուկ ծառայությունների աշխատակիցները, ում Եվրամիությունը մեղադրում է մարդկանց առևանգման մեջ, կմնա նաև զենքի վաճառքի էմբարգոն Բելառուսի համար:

Պաշտոնապես այս մասին Բրյուսելը կհայտարարի եկող շաբաթ: Նախատեսվում է, որ առաջիկա օրերին Եվրամիությունը քննարկելու է Բելառուսի հարցը:

Եվրոպական պատժամիջոցների ժամկետը ավարտվում է հոկտեմբերի 31-ին:

Այդուամենայնիվ, եվրոպացի մի շարք դիվանագետներ համարում են, որ հարցի քննարկումը պետք է հետաձգել մի քանի շաբաթով, քանի որ հոկտեմբերի 11-ին Բելառուսում անցկացվելու են նախագահական ընտրություններ, և արդեն ելնելով նրանից, թե ինչ ձևով կանցնեն այդ ընտրությունները, նոր նման որոշում կայացնել:

Ընտրություններում որևէ անակնկալ փորձագետները չեն կանխատեսում: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահը անփոփոխ է մնում արդեն 21 տարի, և ավանդույթի համաձայն՝ այս անգամ էլ Լուկաշենկոն կմասնակցի ու կհաղթի ընտրություններում, համոզված են փորձագետները:

Սակայն, սրա հետ մեկտեղ, վերջին ժամանակաշրջանում Բելառուսի նախագահը փորձում է որոշ առումներով կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ: Այսպես, Ուկրաինայի հարցով հայտնի բանակցությունները այս տարվա փետրվարին անցան հենց Մինսկում, Ղրիմի հարցում էլ Լուկաշենկոն գոնե հրապարակավ Ռուսաստանին չի աջակցում, և Ղրիմի ղեկավարները Բելառուս պաշտոնական այցեր չեն կատարում: Բացի այդ, օգոստոսին Լուկաշենկոն ազատ արձակեց քաղբանտարկյալներին:

XS
SM
MD
LG