Մատչելիության հղումներ

Չիկագոյում System of a Down-ը մի քանի անգամ ընդմիջել է համերգը


System of a Down խումբը, արխիվ
System of a Down խումբը, արխիվ

Խումբն այդ կերպ փորձել է կանխել էքստազի հասած երկրպագուների հնարավոր վնասվածքները։

Անցած շաբաթ Չիկագոյում Riot Fest փառատոնին System of a Down (SOAD) խմբի ելույթի ընթացքում երկրպագուներն այնքան են էքստազի մեջ ընկել, որ համերգը մի քանի անգամ ընդմիջվել է։ Խումբը մինչև անգամ 15 րոպեով ընդհատել է համերգը՝ կանխելու համար երկրպագուների հնարավոր վնասվածքները։

Հանդիսատեսներից Թիվ Շնեյդերը կայքերից մեկին ասել է, որ կարող էր մեռնել, եթե խումբը չկանգնեցներ համերգը և օգնության չհասնեին երաժշտական փառատոնի անվտանգության աշխատակիցները և բուժաշխատողները։

«System of a Down-ի ելույթի ժամանակ ես ընկա։ Ինչ-որ մեկն ընկավ ինձ վրա, և ես չէի կարողանում շնչել։ Երբ նա բարձրացավ, ուրիշ մեկն ընկավ վրաս։ Դա վերջ չուներ. ինչ-որ պահի մեկը բարձրացել էր մեջքիս, ինչ-որ մեկն ընկել էր գլխիս, դեմքս սեղմվել էր գետնին, ես չէի կարողանում շնչել, օդի պակասից աչքերս լցվել էին արյունով», - նկարագրել է նա՝ նշելով, որ System of a Down-ը հավանաբար ընդհատել է համարգը, որպեսզի բուժաշխատողները փրկեն իրեն։ Նա ասել է, որ այդ պահին կորցրել էր գիտակցությունը։

Քիչ անց երաժիշտները շարունակել են կիսատ թողած երգը, բայց նրանց նորից խնդրել են կանգ առնել։ Բացօթյա փառատոնին երկրպագուների հեռախոսներով նկարահանված տեսանյութերը, որ նրանք տարածել են համացանցում, ցույց են տալիս, թե ինչ էներգետիկ վիճակ է տիրել System of a Down-ի համերգին։

Հայ երաժիշտներից կազմված այս հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բեմից ասել է. - «Անհնար է երգել, երբ հենց իմ դիմացի մարդիկ կարծես թե մեռնելու վրա են»։

Radio.com կայքի փոխանցմամբ՝ հերթական դադարի ժամանակ Սերժ Թանկյանն ասել է, թե սիրում են մասնակցել այս շոուին, բայց այն որևէ մեկի վնասվածքը չարժե։

Չիկագոյի փառատոնն այս անգամ անցկացվել է Douglas Park-ում։ Chicago Tribune թերթը գրում է, որ փառատոնից հետո այգու վերականգնման, մաքրման ծախսերը կարող են 100 հազար դոլար կազմել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG