Մատչելիության հղումներ

Օհանյանը և Խաչատուրովը այցելել են Խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն


Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության

Սեպտեմբերի 15-18-ը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակում Հայաստանում անցկացվում է Զինված ուժերի Խաղաղապահ բրիգադի մեկ հրաձգային գումարտակի ՕԿՀ 2-րդ մակարդակի գնահատում:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ՕԿՀ գնահատման երկրորդ փուլում ստուգվում է ստորաբաժանման մարտական պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկայով, սպառազինության և թիկունքային այլ միջոցներով համալրվածությունը` համաձայն ՆԱՏՕ-ի կողմից սահմանված ուղեցույց փաստաթղթերի պահանջների:

Բուն գնահատման գործընթացն ապահովելու նպատակով Խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ը իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, իսկ սեպտեմբերի 15-19-ը ընթանում է հրամանատարաշտաբային զորավարժություն: Բացի հայտագրված ստորաբաժանման գնահատման բուն գործընթացից, զորավարժությունը կարևորվում է նրանով, որ նպաստում է մասնակիցների կողմից շտաբային ընթացակարգերի և գործողությունների ղեկավարման ու կառավարման հարցերում մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը և համապատասխան ունակությունների կատարելագործմանը:

Զորավարժությունը վերահսկելու և կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 17-ին «ԶԱՌ» ուսումնական կենտրոն են այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Համաձայն նախնական գնահատականի, զորավարժությունն ընթանում է ըստ պլանի` դրական արդյունքներով: Վերջնական գնահատականը կտրվի ՆԱՏՕ-ի խմբի ղեկավարի կողմից սեպտեմբերի 20-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG