Մատչելիության հղումներ

Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը դեմ է առաջարկվող սահմանադրական փոփոխություններին


Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

ԱԺ անկախ պատգամավորը, սակայն, նշում է, որ «Ոչ»-ի ճամբարն իրենց տեղը չէ։

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին։

Պատգամավորը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից են, քանի որ դա եվրոպական կառավարման մոդելն է։ Մինչդեռ ներկայացված փաստաթուղթը, նրանց կարծիքով, ոչ թե այդ մոդելն է, այլ «ֆեյք է», ուստի պատգամավորը փոփոխությունների մի շարք առաջարկներ է ներկայացրել։

«Մեր մտահոգությունները կապված են, առաջինը՝ մարդու իրավունքների գլխի հետ, կապված են փոխզսպման և հավասարակշռման մեխանիզմների հետ, կապված են տեղական ինքնակառավարման բլոկի հետ, որոնց վերաբերյալ էլ մանրամասն առաջարկները ներկայացված են», - ասաց Մարուքյանը:

Եթե առաջարկները չընդունվեն, «Լուսավոր Հայաստան»-ը բարեփոխումների գործընթացին չի մասնակցի։ Էդմոն Մարուքյանն ասաց, որ «Ոչ»-ի ճամբարն իրենց տեղը չէ։

«Մենք մեզ չենք տեսնում այդ գործընթացներում, որովհետև երկու գործընթացներն էլ ուղղված են եղած 25 տարվա ձախողման ճանապարհները պահպանելուն, և մենք, ըստ էության, այդ գործընթացների մեջ մեզ չենք տեսնում: Եվ «Ոչ»-ի հետ կապված արդեն նշել եմ, որ այն ձևավորված է անձի դեմ և ենթադրում եմ, որ անձի համար: Մենք ինստիտուտների կայացման, ինստիտուտների ձևավորման, ինստիտուտների զարգացման համար պայքարող թիմ ենք», - ասաց պատգամավորը:

«Դաշտը սև ու սպիտակի բաժանման հետ կապված էլ՝ դա, ըստ էության, մեր քաղաքական համակարգի լրջագույն հիվանդություններից մեկն է, և հիմա էլ նույն բանը շարունակվում է, և, բնականաբար, մենք մեզ ոչ սևի մեջ ենք տեսնում, ոչ էլ սպիտակի մեջ ենք տեսնում։ Քաղաքական համակարգը ինքը բազմազան պետք է լինի, և մենք այդ բազմազան գույների մեջ ենք մեզ տեսնում», - հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

XS
SM
MD
LG