Մատչելիության հղումներ

Քննիչը միջնորդել է երկարաձգել Տիգրան Խաչատրյանի կալանքի ժամկետը


Ոստիկանները դատարան են ուղեկցում Տիգրան Խաչատրյանին, 27-ը հուլիսի, 2015թ.

Ոստիկանները դատարան են ուղեկցում Տիգրան Խաչատրյանին, 27-ը հուլիսի, 2015թ.

Նախաքննական մարմինը միջնորդել է երկարաձգել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը։

«Սդղի գյոլի» տարածքում Հարություն Զաքարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքով հուլիսի վերջից կալանավորված Տիգրան Խաչատրյանին կալանավայրում ևս երկու ամիս պահելու միջնորդությունը դատարանը կքննի առաջիկա օրերին։

Քննիչը որպես երիտասարդին ազատ չարձակելու հիմք նշել է, որ նա կթաքնվի, կխոչընդոտի կամ անօրինական ազդեցություն կունենա նախաքննության վրա։ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը այս պնդումները համարում է «անհիմն և տրաֆարետային», հիշեցնելով, որ նա մինչ մեղադրյալի կարգավիճակ ստանալը որոշ ժամանակ գործով անցել է որպես վկա՝ լինելով ազատության մեջ։

«Մարդու գրածի տակը պիտի հիմք լինի, իրենց գրածի մեջ գոնե մի հիմք չունեն, չունեն մի փաստական տվյալ, որ այդ ամբողջ ընթացքում Տիգրան Խաչատրյանը որևէ մեկին դիմել է էդ գործով, ասել է՝ սենց կասես, կամ կանչել են, չի եկել»,- ասաց փաստաբանը։

Մայիսի 2-ի դաժան ծեծի հետևանքով կուրանալու մասին ահազանգած Հարություն Զաքարյանն արդեն 5 անգամ վիրահատվել է, սակայն հարազատների պնդմամբ՝ առայժմ աչքի տեսողությունը վերականգնելու հույս չկա։

Խմբակային ծեծկռտուքի գործով մեղադրվում են նաև մարզպետի եղբայրն ու երկու եղբորորդիները։ Եղբորորդիներից մեկը՝ Մայիս Խաչատրյանը դեռ հետախուզման մեջ է, մյուս եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանն ու եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը ազատության մեջ են։ Չնայած նրանց առաջադրված ծեծի մեղադրանքը վերջերս ծանրացվեց և փոխարինվեց անձի առողջությանը դիտավորյալ միջին ծանրության վնաս հասցնելու մեղադրանքով, սակայն խափանման միջոցը շարունակում է մնալ չհեռանալու մասին ստորագրությունը։

Շուրջ մեկ ամիս առաջ հոսպիտալացված Սեյրան Խաչատրյանն արդեն դուրս է գրվել հոգեբուժական դիսպանսերից. փաստաբանը հաստատեց, որ նրա մեղսունակությունը ստուգելու հարց էր դրվել։

«Հարցադրումը դրել են, բայց դեռ պատասխան եզրակացություն չունեմ։ Ինքը խնդիրներ ուներ առողջական վիճակի հետ կապված, դրանք նոր չեն առաջացել, դրանք 1994 թվականից են։ Սեյրանը կոնտուզիա է տարել, հետևաբար բժիշկները կպարզեն՝ մեղսունակ է, անմեղսունակ է և այլն»,- ասաց Մելքոնյանը։

Ազատության մեջ գտնվելով՝ նախաքննությանը խոչընդոտելու ռիսկերի մասին հարցին փաստաբանը հակադարձեց.- «Հիմա ուզում եք, որ Սեյրան և Էյներ Խաչատրյաններն էլ ապօրինի կալանավորվե՞ն։ Ո՛չ խոչընդոտել է, ո՛չ թաքնվել է, երբ կանչել են, պարտաճանաչ եկել է, այդ մարդուն կալանավորելը կամայականություն չե՞ք համարում։ Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ էս մարդիկ մի սանտիմետր էս գիծը շեղած լինեին, վստահաբար ասում եմ՝ բոլոր լրատվամիջոցները միայն դրա մասին էին խոսելու։ Ոչինչ չունեն»։

Գործում չներգրավված իրավաբանները հնարավոր համարում են, որ մարզպետի եղբորն ու եղբորորդուն չկալանավորելը գուցե հիմնավորված և օրինական է, քանի որ կալանավորումը ծայրահեղ միջոց է, բայց նրանք խնդիրը դիտարկում են այլ տեսանկյունից։

«Խնդիրն այն է, որ ոչ բոլոր դեպքերում է նույն այս օրինական մոտեցումը ցուցաբերվում»,- ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը.- «Ակնհայտ է տարբերությունը այդ հոդվածով սովորական գործերով մեղադրյալների և այս գործով մեղադրյալների հանդեպ առնվազն խափանման միջոցի մասով։ Դա փաստ է»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մինչդեռ քննչական մարմիններին պատասխանատու է համարում այս անձանց ազատության մեջ թողնելու հետևանքների համար՝ վկայակոչելով նրանց քրեական անցյալն ու մարզում Սուրիկ Խաչատրյանի շրջապատի ստեղծած վախի մթնոլորտը։

«Եթե Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը կարող է իրեն թույլ տալ բռնություն կատարել այն անձանց հարազատների նկատմամբ, որոնք կասկածվում են Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ իբր մահափորձի փաստով, ապա ունի՞ քննչական մարմինը որևէ հիմք, որ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը նման ոտնձգություններ թույլ չի տալու, ասենք, Զաքարյանների ընտանիքի նկատմամբ»,- հարցնում է իրավապաշտպանը։

Ավելին, Սաքունցի կարծիքով, Սուրիկ Խաչատրյանը ևս պետք է պատասխանատվության ենթարկվի այս գործով, եթե հաստատվի, որ նա դեպքից հետո իր առանձնատանը հանդիպել է տուժածներին.- «Հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեղադրանք պետք է առաջադրվի Խաչատրյանին, որովհետև շատ կարևոր է արձանագրել, թե նա ե՞րբ է հանդիպել Զաքարյան եղբայրների հետ և ինչքա՞ն ժամանակից հետո է եկել ոստիկանությանը, ո՞վ է ահազանգել ոստիկանությանը։ Շատ բնական և տրամաբանական է, որ ահազանգողը պետք է լիներ հենց Սուրիկ Խաչատրյանը, բայց ահազանգի բացակայությունը, և եթե ինքը գտնում է, որ իր ազգականները անմեղ են, խոսում է այն մասին, որ ինքը, իմանալով հանցագործության մասին, պարտակել է, չի հայտնել իրավապահ մարմիններին»։

XS
SM
MD
LG