Մատչելիության հղումներ

Վլադիմիր Եվսեև․ «Ինչ-որ գործընթաց կա, և այս պահին Ռուսաստանը հարմար չի գտնում հայտարարություն անելը»


Վլադիմիր Եվսեև, արխիվ

Վլադիմիր Եվսեև, արխիվ

Ռուս փորձագետի կարծիքով, Ռուսաստանը չի կարող ստիպել ոչ Երևանին, ոչ էլ Ստեփանակերտին՝ հանձնել ինչ-որ շրջաններ առանց ինչ-որ երաշխիքների: «Իսկ նման երաշխիքներ Ռուսաստանն այսօր չի կարող ապահովել»:

ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունն այսօր բացակայում է: «Ազատության» հետ զրույցում նա ավելի իրատեսական համարեց, որ այնտեղ տեղակայվեն «ռուսական խաղաղապահներ՝ ՀԱՊԿ-ի անվան տակ»:

«Հաշվի առնելով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների՝ Ղարաբաղի հարցում ունեցած տարբեր մոտեցումները (օրինակ՝ Ղազախստանը, որն ավելի ադրբեջանամետ մոտեցում ունի, կամ՝ Բելառուսը, որն իրավունք չունի մասնակցել խաղաղապահ գործողություններին), կարծում եմ, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի խաղաղապահների հարցը բարձրացնում է միայն ի պատասխան ամերիկյան կողմի նախաձեռնության՝ կապված ՆԱՏՕ-ի խաղաղապահների հետ»:

Փորձագետն, այդուհանդերձ, ընդգծում է, որ այսօր ավելի օրակարգային է ծանր սպառազինությունները շփման գծից հետ տանելու անհրաժեշտությունը․ - «Նախ սա է պետք անել, հետո նոր մտածել խաղաղապահների, Մադրիդյան սկզբունքների մասին, քանի դեռ այնտեղ խաղաղ բնակիչներ են զոհվում»։

«Բոլորն անհամբեր սպասում էին, որ Դուշանբեում ինչ-որ հայտարարություն կհնչի։ Սերժ Սարգսյանը Մոսկվայում սեպտեմբերի 7-ին Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ սահմանում լարվածության սրման հարցը բարձրացնելու է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին։ Բայց Սարգսյանն ընդամենը մեկ-երկու նախադասություն ասաց մամլո ասուլիսին: Ինչպե՞ս կբացատրեք այն, որ ՀԱՊԿ-ն ու պաշտոնական Մոսկվան լռում են», - «Ազատության» այս հարցին ի պատասխան, Վլադիմիր Եվսեևը նշեց․ - «Մենք չգիտենք, թե ինչ է եղել փակ դռների հետևում, հնարավոր է՝ դա քննարկվել է, սակայն չի եղել համաձայնություն: Հավանաբար Ղազախստանի դիրքորոշման պատճառով»։

Ըստ ռուս փորձագետի, այսօր Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի, Տաջիկստանի և մյուս երկրների հետ աշխատում է երկկողմ ձևաչափով։ Նրա խոսքով, այն, որ Մոսկվան հայտարարություն չարեց, նշանակում է, որ հիմա խնդրի կարգավորման ուղիների որոնման ինչ-որ գործընթաց կա, և այս պահին Ռուսաստանը հարմար չի գտնում որևէ հայտարարություն անելը:

«Երբ փոխզիջման տարբերակի որոնման գործընթաց է ընթանում, Ռուսաստանը ստիպված է ավելի զուսպ լինել։ Ռուսաստանն այսօր իսկապես աշխատում է ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ: Այլ հարց է, որ չի ուզում հրապարակային հայտարարություններ անել։ Այսօր ստատուս քվոն արդեն չի աշխատում, այսօր անհրաժեշտ է ծանր սպառազինությունը հետ քաշել»,- շարունակեց փորձագետը:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցին ու այդ այցի հարուցած այն մեկնաբանություններին, թե Մոսկվան այդպիսով ճնշում է գործադրում Հայաստանի վրա, Եվսեևն ասաց․ - «Ռուսաստանը չի կարող առևտուր անել Հայաստանի շահերի շուրջ։ Իմ անձնական համոզմունքն է, որ այսօր Ռուսաստանը չի կարող ստիպել ոչ Երևանին, ոչ էլ Ստեփանակերտին՝ հանձնել ինչ-որ շրջաններ առանց ինչ-որ երաշխիքների: Իսկ նման երաշխիքներ Ռուսաստանն այսօր չի կարող ապահովել։ Եվ, ի դեպ, այսօր Մադրիդյան սկզբունքների ժամանակը չէ: Կարծում եմ, որ եթե կարողանանք այսօր վերադառնալ այն փաստաթղթին, որը կար Կազանում, արդեն լավ կլինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG