Մատչելիության հղումներ

Հայկ Կյուրեղյանը կբողոքարկի դատարանի վճիռը


Հայկ Կյուրեղյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ակցիա է իրականացնում ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, 12-ը հունիսի, 2014թ.

Հայկ Կյուրեղյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ակցիա է իրականացնում ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, 12-ը հունիսի, 2014թ.

Նրա հոր՝ Արմենակ Կյուրեղյանի խոսքով, Վերաքննիչ դատարան դիմելը «ռեժիմի դեմ Հայկի որդեգրած պայքարի շարունակությունն է»։

«Այդ ամբիոնները ևս մեկ հարթակ են, որտեղից ինքը կարող է իր տեսակետները մատուցել մեր ժողովրդին և իր բողոքի ակցիայի հիմնավորումները ցույց տալ, որ իրոք արժեր նման ակցիա կատարել»,- ասում է Արմենակ Կյուրեղյանը:

9 տարվա ազատազրկման դատապարտված 31-ամյա երիտասարդը ճաղերի ետևում հայտնվեց անցած տարվա հունիսին՝ Շանթ Հարությունյանի և համախոհների դատավարության օրը օդամղիչ ատրճանակով իրավապահների ուղղությամբ կրակոցներ արձակելու համար: Նրան առաջադրվեցին խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներ։ Հայկ Կյուրեղյանի հայրը համոզված է՝ դատավճիռը հրահանգված էր իշխանությունների կողմից, և Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները չեն համարձակվի փոխել պատժաչափը։

«Ոչ մի հույս չկա, և դրա համա՛ր չի բողոքարկվելու վճիռը, բողոքարկվելու է, որպեսզի ցույց տրվի Հայաստանի Հանրապետության իրավական դատական համակարգի ողջ սնանկությունը»:

Մեղադրական եզրակացության մեջ, մասնավորապես, նշված է․ - «Կյուրեղյանը արարքը կատարել է իր անկախությունը հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից շեղելու, ինչպես նաև իր անձը հասարակությանը հակադրելու և իր գերակայությունը ի ցույց դնելու մղումով»։ Արմենակ Կյուրեղյանի խոսքով, քաղաքական հարցադրումներ անելը խուլիգանություն չէ, այլ ընդամենը ձայնը լսելի դարձնելու միջոց:

Կյուրեղյանի դատավարության ողջ ընթացքին հետևած փաստաբան Երվանդ Վարոսյանը նշում է․ - «Գործ ունենք հաշվեհարդարի հետ: Այսինքն, անձին պատժում են հենց իր դիրքորոշման համար, հենց իր ըմբոստության համար, մի կողմից, մյուս կողմից՝ հասարակությանը ուղարկում են համապատասխան մեսիջ, թե ակտիվ և ըմբոստ քաղաքացու հետ պետությունն ինչպես է վարվելու»:

Վարոսյանը ևս վստահ է՝ հաջորդ ատյաններում Հայկի պատիժը չի մեղմացվի։ Նա անընդունելի է համարում առաջադրված խուլիգանության մեղադրանքը։ «Անձի քայլերը՝ ուղղված ինչ-որ բողոք արտահայտելուն, ինչ ասես կարելի է որակել, բայց ոչ՝ խուլիգանություն: Այսինքն, հասարակական կարգը կոպտորեն խախտելու դիտավորություն տեսնել Հայկ Կյուրեղյանի գործողությունների մեջ՝ դա անհեթեթություն է»:

Փաստաբանի կարծիքով, միանշանակ չէ նաև երկրորդ՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը։ Վարոսյանի ընդգծմամբ, անգամ մեղադրական եզրակացությունն է փաստում՝ Հայկ Կյուրեղանի արձակած կրակոցներից տուժող ճանաչված հինգ ոստիկաններից միայն մեկն է ստացել թեթև վնասվածք, մյուս չորսի առողջությանը պատճառվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ։

«Մենք ունենք բազմաթիվ գործեր պրակտիկայում, երբ տրավմատիկ զենքի գործադրմամբ հասարակական վայրում կրակոցներ են հնչել, և արարքը որակվել է ըստ հետևանքի, այսինքն՝ ինչ եղավ դրանից, ով ինչ չափի վնասվածք ստացավ և այլն», - ասաց փաստաբանը։

XS
SM
MD
LG