Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյանը ՀՀԿ-ականներին հորդորեց Սերժ Սարգսյանին «իրենց տուն տանել»


Խորհրդարանում արդեն երրորդ օրն է սահմանադրական բարեփոխումների շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Իշխող հանրապետականները պնդում են, որ նախագիծը Սերժ Սարգսյանի վերարտադրության հետ կապ չունի, սակայն ընդդիմադիրները անդրդվելի են։

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը շտապեց ամբիոնի մոտ, հայտարարեց՝ տնտեսական վատ վիճակում ու պատերազմի շեմին գտնվող երկրում կառավարման ձևի նման փոփոխությունը արկածախնդրություն է, և տարբեր ձևակերպումներով փաստաթղթի գովեստը իրենց չի համոզում։

«Նույնիսկ հասել է էնտեղ, որ ասում են՝ նոր Սահմանադրությամբ նոր մարդ է կերտվելու, տեսաք՝ հոմոսովետիկուս, և դուք, ի՞նչ, հոմոսերժիկուս եք ձևավորո՞ւմ։ Էս ի՞նչ է էս քծնանքի շքերթը»,- ասաց պատգամավորը։

Մանուկյանը պնդեց, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ոչ մի հանրապետական սահմանադրական բարեփոխումներից չի խոսել, իսկ հիմա էլ գերի են դարձել Սերժ Սարգսյանի ձեռքում.- «Շատ լավ է, որ ասացիք՝ հո տանը չի նստելու... ի՞նչ է նշանակում։ Ով տանը չի ուզում նստել, պետք է գա, երկիր ղեկավարի՞։ Ի սեր Աստծո, տարեք ձեր տուն»։

Ընդդիմադիրները բարձրաձայնում էին, որ հանրապետականները անգամ չեն կարողանում հիմնավորել, թե ինչու են գնում փոփոխությունների։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց տվեց նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին, թե որքանո՞վ է նոր Սահմանադրությունը իրավիճակ փոխելու երկրում, և ո՞րն է գործող Սահմանադրության թերությունը։ Նա կոնկրետ օրինակներ բերեց՝ Սյունիքի մարզպետի անվան հետ կապվող կրիմինալ պատմությունները, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրած միլիոններն ու ամենաթողությունը։

«Գործող Սահմանադրության ո՞ր դրույթը և դրույթների ո՞ր խումբն է թույլ տվել, հնարավոր դարձրել կոռուպցիայի, չարաշահման, հովանավորչության այս երևույթները»,- հարցրեց Փաշինյանը։

Վարդան Պողոսյանը ասաց, որ դա պարզապես պատգամավորի մեկնաբանությունն է, և աշխարհում որևէ Սահմանադրություն նման դեպքերը չի կարող բացառել։

«Չկան էդպիսի սահմանադրություններ, սահմանադրությունները կյանքի են կոչվում մարդկանց միջոցով»,- ասաց նախագահի ներկայացուցիչը։

Փաշինյանը եզրակացրեց.- «Հիմնավորեցիք այն տեսակետը, որ Սահմանադրությունը փոխելուց առաջ, եթե այն ինչ-որ պահանջներ չի բավարարում, պետք է փոխել այն մարդկանց, ովքեր կյանքի են կոչում այս Սահմանադրությունը։ Սա շատ կարևոր արձանագրում է»։

Պողոսյան-Փաշինյան զրույցն ամփոփեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, հանրապետականը շտապեց արձանագրել՝ վերջապես Փաշինյանն էլ սկսեց մասնակցել Սահմանադրության նախագծի քննարկումներին.- «Ողջունում եմ, թեկուզ մի քիչ պրովակացիոն էր»,- ասաց։

Քիչ անց հանրապետականները նույն եզրակացությունը արեցին նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դեպքում։ Նա էլ իր ելույթում մեղադրեց իշխող կուսակցությանը, ասաց՝ այնքան են շտապում, որ քննարկումները չավարտած՝ արդեն հանրաքվեի օր են որոշում.- «Գիտեք, տպավորություն է, որ դուք առավոտյան ինչ-որ տեղ եք շտապում, ձվածեղ եք սարքում, ինչ եք անում։ Դուք Սահմանադրություն եք մշակում»։

Զուրաբյանը պնդեց՝ իր տպավորությամբ ՀՀԿ-ում երկու ճամբար կա, մեկը ակնկալում է, որ Սերժ Սարգսյանը կմնա իշխանության ղեկին, մյուսն էլ կարծում է, որ բարեփոխումներից հետո նա կհեռանա։ Ընդդիմադիրը հարցրեց հարակից զեկուցող, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանին, թե նա ո՞ր խմբից է։ Հարցին միջամտեցին ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը։

«Բարեբախաբար, Հանրապետականը մի փոքր տարբերվում է Կոնգրեսից, որտեղ հինգ կուսակցություններով վեց կարծիք եք ունենում ամեն հարցի շուրջ»,- ասաց Նաղդալյանը։

Այստեղ արդեն վեճը ճամբարների դաշտ տեղափոխվեց։ ՀՀԿ-ականները հայտարարեցին, որ ընդդիմությունը թույլ է։ ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն էլ պնդեց, որ որոշ ՀՀԿ-ականներ իր հետ զրույցում ասել են, թե դեմ են փոփոխություններին, քանի որ հասկանում են դրա վտանգավորությունը։ Դահլիճում նստած ՀՀԿ-ականներին սա մտահոգեց, սկսեցին անուններ պահանջել։ Մանուկյանը հեռու չգնաց, խմբակցության ղեկավարի անունը տվեց.- «Վահրամ Բաղդասարյան, չի՛ ուզում»։

Սա ՀՀԿ-ականներին զայրացրեց։ Խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ամբիոնից ընդդիմադիրներին խորհուրդ տվեց իրենց մասին մտածել, հայտարարեց, որ նոր Սահմանադրությունն ընդարձակում է իշխանությունների պատասխանատվությունն ու ընդդիմադիրների իրավունքները, և եթե նրանք դա չեն հասկանում, ապա իրենք պետք է փորձեն նպաստել այլ ընդդիմության ձևավորմանը։

«Նպաստել այնպիսի ուժեղ ընդդիմության ձևավորմանը, որը կնպաստի նաև բարոյահոգեբանական իրավիճակի բարելավմանը և քաղաքական կայունությանը։ Ձեր տեղը կզիջեք»,- ասաց Մելիքյանը։

XS
SM
MD
LG