Մատչելիության հղումներ

«Հայ-ռուսական եղբայրությունը պետք է պաշտպանել ցինիզմից և կեղծիքներից». դեսպան


Ռուսական ֆորտ պոստ համարվող Գյումրիում ռուսական ներկայությունը տարեցտարի ավելի զգալի է դառնում՝ որևէ մի կառույցի ավելացմամբ։

Հինգ տարի առաջ Գյումրիում Ռուսաստանի և Հայաստանի նախագահները բացեցին Պատվո բլուր հուշահամալիրը։ Այն կառուցվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նահատակված ռուս սպաների հիշատակին։

Այսօր Մոսկվայից ժամանած հյուրերը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի ուղեկցությամբ Պատվո բլուրում նահատակված ռուս զինվորականների հիշատակը հարգելու էին եկել: Դեսպան Վոլինկինը հիշեց 5 տարի առաջ հուշահամալիրի բացման ժամանակ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքերը.- «19-րդ դարում մեր զինվորները ոչ միայն ներկա էին, ամրապնդվում էին տարածաշրջանում, այլ նաև ստեղծում էին իրական պատմական հնարավորություններ Կովկասի ժողովուրդների վերածննդի, մայրենի լեզվի, մշակույթի ու հավատքի պահպանման համար: Ռուս ազատագրող զինվորների հետ ուս ուսի կռվում էին հայկական զինուժի ներկայացուցիչները: Նրանք պայքարեցին հարազատ երկրի անկախության համար, և մենք պետք է հիշենք այդ մասին»:

Վոլինկինը ներկայիս հայ-ռուսական բարեկամությունից էլ խոսեց՝ ինչ-որ տեղ զգուշացնելով.- «Հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա եղբայրությունը անհրաժեշտ է պատմական ճշմարտությունը պաշտպանելու համար՝ ցինիզմից և տարատեսակ կեղծումներից»,- ասաց դեսպանը։

Հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին էլի ելույթներ հնչեցին: Առավել տպավորիչ էր ԱՊՀ սահմանապահ զորքերի գերագույն խորհրդի ներկայացուցիչ Ալեքսանդր Վոզդևի ելույթը։

«Հայ-ռուսական հարաբերությունները համարվում են հանրագիտարանային հազվագյուտ ցուցադրություն, փոխշահավետ, եղբայրական ազգերի հարաբերություններ: Ես շնորհակալ եմ նրանց, ովքեր մասնակցել են և կշարունակեն մասնակցել Ռուսաստանի ու Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցությանը»,- ասաց Վոզդևը։

Հավաքվածները հարգանքի տուրք մատուցեցին նահատակված ռուս սպաների հիշատակին, իսկ Մոսկվայից ժամանած Համայն Ռուսիո պատրիարքի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Եվգենին հոգեհանգստի կարգ մատուցեց:

Ռուսական Ուղղափառ եկեղեցու ներկայացուցչին նաև տեղեկացվեց, որ առաջիկայում Գյումրիում ևս մեկ ռուսական եկեղեցի կվերականգնվի։ Խոսքը Կազաչի Պոստ թաղամասի եկեղեցու մասին է, հիմա այն ռուսական կողմին հանձնելու թղթաբանությունն է ընթանում, որը կավարտվի հոկտերբերին։

XS
SM
MD
LG