Մատչելիության հղումներ

logo-print

Մարզպետի մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվողները կշարունակեն մնալ բանտում


Սյունիքի մարզպետի ավտոմեքենան կրակոցներից հետո, 21-ը մայիսի, 2015թ.

Սյունիքի մարզպետի ավտոմեքենան կրակոցներից հետո, 21-ը մայիսի, 2015թ.

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվողները կշարունակեն մնալ բանտում, քանի որ դատարանը հերթով մերժել է նրանց ազատ արձակելու միջնորդությունները։ Ավելի ստույգ՝ փաստաբանները բողոքարկել էին նրանց կալանքի ժամկետները երկարաձգելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումները։

Վերաքննիչի նախօրեի նիստը այնքան է զայրացրել և վիրավորել մարզպետի մահափորձին աջակցելու մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանին, որ նրա պաշտպանական կողմը քննարկում է հետագա քննչական գործողություններից հրաժարվելու և նախաքննությունը բոյկոտելու տարբերակը։

«Կբոյկոտենք նախաքննությունը և նախաքննության ողջ ընթացքը՝ կլինի դա դատարաններում, թե դատախազությունում, թե քննչական մարմիններում։ Այսինքն՝ ոչ մի գործողության չենք մասնակցում, ոչ մի նիստի չենք գնում, ոչինչ չենք անում», - «Ազատության» հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը.- «Մասնակցելով հոգուտ մեզ դեռևս ոչինչ չենք ստացել։ Իմաստ չկա մասնակցելու»։

Որոշումը, ըստ փաստաբանի, դատարանը կայացրել է «շատ տարօրինակ և աննորմալ պայմաններում»։ Դահլիճում եղել են երեք հոգի՝ դատավորը, պաշտպանն ու նիստերի քարտուղարը։ Մեղադրող կողմը ոչ միայն չի եկել, այլև նախապես տեղյակ չի պահել չներկայանալու պատճառների մասին, և փաստաբանի միջնորդության վերաբերյալ որևէ առարկություն չի ներկայացվել։ Դատավորն էլ, Հովհաննիսյանի բնորոշմամբ, դեմքի անհաղորդ արտահայտությամբ միջնորդությունը լսելուց հետո մերժել է։

«Պատկերացրեք մի վիճակ, երբ երկու զրուցակից խոսում են, նրանցից մեկը ներկայացնում է փաստարկներ, հիմնավորումներ, մյուս կողմը ոչինչ չի ասում, չի առարկում, իսկ երրորդ կողմը որոշում է, որ ճիշտ է նա, ով լռում է։ Ինձ թվում է՝ դա կանխորոշված էր արդեն, դրանով էլ պայմանավորված է իրենց չներկայանալը։ Արդեն իսկ մարդիկ գիտեն, թե ելքը ինչ է լինելու, դրա համար հարկ չեն համարել ներկայանալ դատական նիստին։ Դա արհամարհանք էր՝ ինքնավստահության հասնող»,- ասաց Հովհաննիսյանը։

Մարզպետի ավտոմեքենայի վրա կրակահերթեր արձակվել էին մայիսի 20-ին։ Շուրջ տասնյակ փամփուշտներից ոչ մարզպետն էր տուժել, ոչ էլ մեքենայում նրա հետ գտնված օգնականն ու վարորդը։ Մեղադրանքում նշված է, որ Գարեն Աթաջանյանը հետևել և Սուրիկ Խաչատրյանի տեղաշարժի վերաբերյալ տեղեկություններ է հաղորդել մահափորձի իրականացման մեջ կասկածվողին։

Վահան Հովհաննիսյանը պնդում է, որ Աթաջանյանի մեղքը փաստող որևէ ապացույց Ազգային անվտանգության ծառայությունը չունի, սակայն դատարանին չեն հետաքրքրել նրա ներկայացրած փաստարկները։

«Աննորմալ է դա։ Դրա համար էլ իմ պաշտպանյալների հետ խորհրդակցելուց հետո մենք որոշելու ենք, որ այլևս չենք մասնակցելու ո՛չ քննչական գործողություններին, ո՛չ դատական նիստերին, քանի որ արդեն վերածվում է ֆարսի, աբսուրդի, և մենք մեր ներկայությունից վատ ենք զգում»,- ասաց փաստաբանը։

Վերաքննիչ դատարանին չեն հետաքրքրել նաև Սուրիկ Խաչատրյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի փաստաբանի փաստարկները։ Նրան կալանքի տակ պահելու որոշումը վերացնելու՝ Հայկ Ալումյանի միջնորդությունը ևս մերժվել է, բայց փաստաբանը վճռական է և գնալու է մինչև Եվրադատարան։

Հիշեցնենք՝ Արա Բուդաղյանը երկու տարի առաջ մարզպետի տան մոտ պաշտոնական տվյալներով նրա որդու և թիկնապահի կրակոցներից սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է։

«Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Բուդաղյանների ընտանիքի նկատմամբ նպատակաուղղված հետապնդում է սկսվել ու նոր չի սկսվել։ Երևի այդ հետապնդման պատճառը այն է, որ եզակիներից են, ովքեր կուլ չգնացին, սկսեցին պայքարել և պատրաստ են մինչև վերջ պայքարել։ Այն, ինչի հիման վրա Արա Բուդաղյանն այսօր մեղադրվում է, և եթե դա ապացույցների սպառիչ շրջանակն է, ես կարող եմ ասել, որ ապացույց գոյություն չունի։ Դա դատարկություն է։ Ոչ թե քիչ են, ոչ թե թույլ են, չկան, ուղղակի չկան»,- հայտարարեց Ալումյանը։

Մարզպետի մահափորձն իրականացնելու մեջ կասկածվող Հենրիկ Ավագյանը անիմաստ է համարել բողոքարկել իրեն կալանքի տակ պահելու որոշումը։

XS
SM
MD
LG