Մատչելիության հղումներ

Գյուղնախարարն առաջարկում է միավորել Կոնյակագործների և Գինեգործների միությունները


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Երևանի կոնյակի գործարանում մասնակցել է Հայաստանի կոնյակագործների միության ընդլայնված նիստին, որին ներկա են եղել նաև Գինեգործների միության անդամները:

«Մեր այսօրվա նիստի հիմնական նպատակը երկու միությունների միջև համագործակցության եզրեր գտնելն ու աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն է», - գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ, իր խոսքում ասել է Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` երկու միությունների առանձին գործունեությունը մեծ արդյունավետություն չի ապահովում, և պետություն-մասնավոր հատված համագործակցությունն ավելի սերտացնելու համար նման ձևաչափով քննարկումները կարող են շատ օգտակար լինել:

Քննարկումների արդյունքում Սերգո Կարապետյանն առաջարկել է ստեղծել նախաձեռնող խումբ և մեկամսյա ժամկետում քննարկել ու ներկայացնել իրենց միասնական վերջնական դիրքորոշումը երկու միությունների միավորման նպատակահարմարության վերաբերյալ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խաղողի մթերումների ընթացքին: Նախարարը նշել է, որ արդեն մեկ շաբաթ է երկրի 3-4 մարզերում ընթացքի մեջ են մթերման աշխատանքները, և բոլոր ընկերություններն էլ պատրաստակամ են մթերել արտադրված բերքը, սակայն ներկայումս առկա են որոշակի ֆինանսական խնդիրներ: Նա հավելել է, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում բոլոր մթերող կազմակերպությունները պետք է սկսեն մթերման աշխատանքները:

Նիստի օրակարգում էին նաև որակյալ կոնյակի արտադրության և արտահանման հետ կապված խնդիրները, ինչպես նաև մթերվող խաղողի որակի նկատմամբ հսկողության սահմանման մեխանիզմները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG