Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քննարկումներին կրքեր են բորբոքվում


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ նիստերից մեկի ժամանակ, արխիվ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ նիստերից մեկի ժամանակ, արխիվ:

Լևոն Զուրաբյանը Վարդան Պողոսյանին մեղադրեց կեղծ տեղեկություն տարածելու մեջ։

Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումներին Ազգային ժողովում ժամանակ առ ժամանակ կրքեր են բորբոքվում։

Մթնոլորտն այսօր մի պահ այնքան թեժացավ, որ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը վիճաբանող պատգամավորներին հորդորեց «հաշիվները մաքրել» դահլիճից դուրս:

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին մեղադրեց կեղծ տեղեկություն տարածելու մեջ՝ ասելով․ - «Սերժ Սարգսյանը երբեք անձամբ հրապարակայնորեն չի ասել, որ չի ձգտում Ազգային ժողովի նախագահի պաշտոնին»:

Նախագահի ներկայացուցիչը պնդեց, թե կեղծ տեղեկություններ չի ներկայացնում, իսկ Զուրաբյանն այդ ընթացքում արձագանքում էր Պողոսյանի հայտարարություններին:

«Պարոն Զուրաբյան, պետք է լսելու ունակություն ունենալ, չբղավել, պահպանել էթիկայի կանոնները: Ինչ կարևոր է՝ անձամբ և հրապարակայնորեն է ասել, եթե ես պնդում եմ, որ հանրապետության նախագահը հայտարարել է հանրության համար, որ ինքը չի հավակնում Ազգային ժողովի նախագահի պաշտոնին, եթե անցում է կատարվելու խորհրդարանական համակարգին: Հետևաբար կեղծ տեղեկությունների մասին պնդումները մնում է Ձեր խղճի վրա»:

Դահլիճում իրավիճակն է՛լ ավելի լարվեց, երբ Պողոսյանը պատասխանում էր ՀԱԿ խմբակցության ղեկավարի երկրորդ հարցին. - «Կարո՞ղ եք գոնե մեկ խորհրդարանական, նկատի ունեմ ոչ միապետական, եվրոպական Սահմանադրության օրինակ բերել, որտեղ վարչապետի պաշտոնի թափուր լինելու դեպքում թեկնածուի առաջադրումը պատկանում է ոչ թե նախագահին կամ պատգամավորական մեծամասնությանը, այլ խորհրդարանի նախագահին: Եթե ոչ, ինչո՞ւ եք առաջարկում, որ Հայաստանը դառնա միակ բացառությունը»:

«Ազգային ժողովի նախագահին նման լծակ տրամադրելը ինչո՞ւ է այդքան անհանգստացնում Ձեզ, եթե հաջորդ իսկ քայլում Ազգային ժողովը կարող է ինքը առաջադրել՝ առանց Ազգային ժողովի նախագահի առաջադրման», - պատասխանեց Պողոսյանը:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նույնպես որոշեց անդրադառնալ Պողոսյանի հայտարարություններին, և դա դուր չեկավ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին: Ի պատասխան Բագրատյանն ասաց՝ «արի հլը տեսնեմ՝ ինչ ես ասում»:

«Պարոն Բագրատյան, Դուք կարող եք հարց տալ, ելույթ ունենալ։ Ես խնդրում եմ մի՛ խանգարեք Ազգային ժողովի աշխատանքները։ Կրքերը հանգստացրեք․․․ Հանգիստ․․․ Ավելի լավ է դուրս եկեք, դրսում մաքրեք ձեր հաշիվները», - այսպես արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հայկ Բաբուխանյանի և Հրանտ Բագրատյանի վիճաբանությանը։

Հարց տալու հերթը հասավ Հրանտ Բագրատյանին: Նա ևս խոսեց կառավարման մոդելի փոփոխությունից․ - «Դուք ասում եք՝ անցնենք ավելի դեմոկրատական պառլամենտական համակարգի, ու անմիջապես դնում եք կայուն մեծամասնության խնդիր: Անտեղի բերում եք Իտալիայի օրինակը 70 կառավարություն փոխելու: Իտալիան առաջին 52 կառավարություններում 90-ականների վերջերին անցավ տնտեսական զարգացմամբ Ֆրանսիային: Իտալիայի պրոբլեմը Բեռլուսկոնին էր․․․ Վաղը վտանգ չկա՞, որ էս պառլամենտն էլ կընկնի մի քանի միլիարդատերի ձեռը: Ի՞նչ եք անելու այդ դեպքում ձեր կայուն մեծամասնությամբ»:

Նախագահի ներկայացուցիչն արձագանքեց․ - «Իհարկե, կան երկրներ, և Իտալիան Դուք ճիշտ եք մատնանշում, որ այդտեղ շատ հաճախ են տեղի ունեցել փոփոխություններ, բայց իրենց տնտեսական զարգացման վրա դա ազդեցություն չի ունեցել: Եթե Իտալիայի վրա ազդեցություն չի ունեցել, դրանից դետերմինացված դեռ չի բխում, որ անպայման ազդեցություն չի ունենա նաև Հայաստանի համար»:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները կշարունակվեն վաղը:

XS
SM
MD
LG