Մատչելիության հղումներ

«Ստրատֆոր». Ղարաբաղի հարցում հնարավոր է նշանակալից շրջադարձ


«Մենք ենք, մեր սարերը» կոթողը Ստեփանակերտի արևելյան մուտքի մոտ

Ըստ հետազոտական կենտրոնի, Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են համագործակցել՝ խաթարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ստատուս քվոն։

Ըստ «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի, Լեռնային Ղարաբաղի երկարատև, սառեցված հակամարտությունում առաջիկա ամիսներին հնարավոր է նշանակալից շրջադարձ կատարվի։

«Գնալով աճում են նախանշանները, որ Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են համագործակցել՝ խաթարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ստատուս քվոն, կապված այն բանի հետ, որ Ռուսաստանը պատրաստվում է խաղաղապահներ ուղարկել այնտեղ և փորձել երկարաժամկետ վերահսկողություն սահմանել տարածաշրջանի նկատմամբ», - գրում են «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները։

Նրանց խոսքով, կարելի է նշաններ տեսնել, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան երկու տասնամյակ սառեցված հակամարտության հանդեպ Ռուսաստանի ռազմավարությունը սկսում է փոխվել։

«Ամեն դեպքում, նախկինի համեմատ Ադրբեջանի և Ռուսաստանի վերջին ամիսների շատ ավելի լավ հարաբերությունները մտածելու տեղիք են տալիս, թե արդյոք Մոսկվան Ադրբեջանին հրապուրիչ առաջարկ չի արել Լեռնային Ղարաբաղի խիստ ազգայնական թեմայով», - գրում են վերլուծաբանները՝ նշելով, որ Ադրբեջանին հոգնեցրել են ԵԱՀԿ-ի միջնորդությամբ տարվող բանակցությունները և Եվրոպայի հետ համագործակցությունը, և Ադրբեջանը կցանկանար տեսնել, թե արդյոք վերջին տարիների ռազմական պատրաստվածության օգնությամբ չի կարող տարածքները հետ բերել։

«Հայաստանը, զբաղեցնելով այդ տարածքների բարձունքները, պահպանում է Ադրբեջանի նկատմամբ ռազմավարական առավելությունը և ակնհայտորեն գերադասում է պահպանել ստատուս քվոն», - արձանագրում է «Ստրատֆոր»-ը՝ ընդգծելով. - «Միակ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին կստիպի վերաբանակցել պայմանները, մարտական գործողությունների վերսկսումն է, և Ռուսաստանը՝ որպես Հայաստանի միակ հովանավորը, դրանց վերջ տալու համար կխաղա միջնորդի գլխավոր դերը։ Մենք կասկածում ենք, որ այս պլանը կարող է Հայաստանի վրա դրվել միայն դիվանագիտական միջոցներով», - գրում են «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները՝ վերջում նշելով, թե, այնուամենայնիվ, չեն կարող վստահ լինել, որ այս սցենարն անպայման կիրագործվի, սակայն բավականին նշաններ ունեն, ինչը թույլ է տալիս Լեռնային Ղարաբաղի հարցով հնարավոր ցնցումները դնել իրենց հետազոտությունների ցանկի առաջին շարքում։

«Ունենալով Լեռնային Ղարաբաղը իր որդեգրմանը սպասող տարածքների ցանկում՝ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր սահմաններից դուրս ոտքի տեղ անելու և ավելի ընդլայնելու քաղաքականությանը», - նշված է «Ստրատֆոր»-ի վերլուծությունում։

XS
SM
MD
LG