Մատչելիության հղումներ

logo-print

Արևմուտքին մտահոգում են Սիրիայում Ռուսաստանի ներկայությունը ընդլայնելու մասին լուրերը


Ռուսաստանի օգնությունը Սիրիային

Ռուսաստանի օգնությունը Սիրիային

Միացյալ Նահանգներին և Արևմուտքին մտահոգում են Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ընդլայնելու մասին լուրերը։

Ըստ Պենտագոնի տեղեկությունների՝ Ռուսաստանը վերազինում է Լաթաքիա քաղաքի մոտ գտնվող օդանավակայանը։ AP-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի մամուլի խոսնակ Ջեֆ Դևիսը ասել է, թե վերջին օրերին մարդիկ և ռազմական սարքավորումներ են տեղափոխում այդ օդանավակայան, և ենթադրվում է, որ այնտեղ ռազմաօդային ռազմակայան է հիմնվում։ Միաժամանակ նա ասել է, որ այնտեղ դեռ չեն տեսել ռազմական օդանավեր կամ մարտական ուղղաթիռներ։

Երկուշաբթի օրվա բրիֆինգում Դևիսն ասել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի ներդրումը «Իսլամական պետության» խմբավորումների դեմ միացյալ պայքարում, բայց եթե այդ մատակարարումները ռազմական աջակցություն չեն Սիրիայի գործող կառավարությանը։ Պենտագոնի երկու պաշտոնյաներ, որոնց անունները չեն նշվում, Reuters-ին ասել են, թե Լաթաքիայի մոտ ռուսական Т-90 տիպի 7 տանկ է հայտնաբերվել, կան նաև հրետանային համակարգեր, և դատելով դրանց տեղակայման դիրքից՝ ենթադրվում է, որ դրանք ռազմակայանի աշխատակազմին պաշտպանելու համար են։

Այս շրջանը համարվում է Սիրիայի գործող իշխանությունների միջնաբերդը։ Հնուց ի վեր այն բնակեցված է եղել ալավիտներով։ Կրոնական այս ուղղությանն է պատկանում նաև Ասադների ընտանիքը։

Մոսկվան պնդում է, որ զորքեր չի ուղարկում Սիրիա, չի մեծացնում իր ռազմական ներկայությունը, միաժամանակ հաստատում է, որ շարունակում է ռազմական տեխնիկա տրամադրել Սիրիայի իշխանություններին։ Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհնարին է հաղթել «Իսլամական պետության» խմբավորումներին՝ առանց համագործակցելու Սիրիայի իշխանությունների հետ։ Նա ասել է, որ Մոսկվան կշարունակի ռազմական օգնության տրամադրումը Բաշար Ասադի կառավարությանը։

«Ստրատֆոր»-ն այսօր վերլուծություն է հրապարակել, ուր նշված է, որ Ուկրաինայի արևելքից մինչև Սիրիա, մինչև Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստանը կանխամտածված քայլեր է կատարում՝ ռազմավարական տարածաշրջաններում ընդլայնելու իր ներկայությունը և ազդեցությունը։

«Այդ ձգտումները թանկ կնստեն, բայց այդ քայլերը զուրկ չեն քաղաքական տրամաբանությունից։ Ուժեղ թե թույլ, կապիտալիստական, կոմունիստական թե ցարական, միևնույն է, Ռուսաստանը միշտ ձգտում է աշխարհագրական գոտիներ ստեղծել իր շուրջ սեփական անվտանգության համար»,- գրում է «Ստրատֆոր»-ի վերլուծաբանը։

Սիրիայի մասով նշվում է, որ ալավիտներով բնակեցված Լաթաքիայում կառավարական զորքերին օգնության նշանակալից ընդլայնումը վկայում է այդ շրջանում Ռուսաստանի երկար մնալու մտադրության մասին։

«Մտածելով, թե որևէ խաղաղ լուծում հնարավոր է ի վերջո փլուզվի, Ռուսաստանը պլանավորում է Սիրիայի ալավիտներին օգնել՝ դե ֆակտո պետություն ձևավորելու համար։ Այս շրջանը, որը հիմա կախված է Ռուսաստանի օգնությունից, Լաթաքիա և Տարտուս նավահանգիստները Ռուսաստանին Միջերկրականի արևելյան ափին հաստատվելու և այդ շրջանում ազդեցիկ դերակատարության հենարան են տալիս»,- գրում է «Ստրատֆոր»-ը և վկայակոչելով իր աղբյուրները՝ հավելում, որ Սիրիայում իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու վրա Ռուսաստանը արդեն 500 միլիոն դոլար է ծախսել։

Մեկ այլ հետազոտական խումբ՝ Նյու Յորքում գործող ռիսկերի գնահատման «Սուֆան գրուփ»-ը կանխատեսում է Սիրիայում իրավիճակի վատթարացում։ «Եթե ԱՄՆ-ը և Ռուսաստանը քաղաքացիական պատերազմի երկու կողմերին օգտագործեն որպես լծակներ միմյանց դեմ, ապա Սիրիայում իրավիճակը ավելի կվատթարանա»,- նշել են վերլուծաբանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG