Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ի նոր սկանդալի առիթը հեռուստահեռարձակման գործարքն է


ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի վրա որպես բողոքի նշան թղթադրամներ են նետում, Ցյուրիխ, արխիվ, 2015թ.
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի վրա որպես բողոքի նշան թղթադրամներ են նետում, Ցյուրիխ, արխիվ, 2015թ.

Շվեյցարիայի դատախազությունը ենթադրում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը կասկածելի գործարք է կնքել։

Այս անգամ խոսքը 2010 թվականին Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում և 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած ֆուտբոլի առաջնությունների հեռուստահեռարձակման իրավունքի տրամադրման մասին է։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, ՖԻՖԱ-ն 2005 թվականին գործարքը կնքել է Կարիբյան ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Փաստաթղթի տակ Բլատերի և նրա տեղակալ Ջեք Ուորների ստորագրություններն են։

Տրինիդադ և Տոբագոյի քաղաքացի, գործարար, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ և Կարիբյան ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ուորները ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործի հետաքննության շրջանակում այս տարվա մայիսին ձերբակալվել է։

Քննիչների համար կասկածելի է այն հանգամանքը, որ հեռուստահեռարձակման իրավունքը վաճառվել է ընդամենը 600 հազար ամերիկյան դոլարով։ Ըստ փորձագետների, դրա իրական գինն առնվազն 20 անգամ ավելի մեծ պետք է լիներ։

ՖԻՖԱ-ն հերքում է մեղադրանքը՝ պնդելով, թե Կարիբյան ֆեդերացիան պայմանագրի խախտումներ է թույլ տվել, ինչի հետևանքով վերը նշված գործարքն ընդհանրապես չեղյալ է հայտարարվել։

Բրիտանիայում լույս տեսնող Guardian պարբերականի փոխանցմամբ, Ուորները հեռուստահեռարձակման իրավունքը վերավաճառել է իրեն իսկ պատկանող J&D International ընկերությանը, որը գրանցված է Կայմանյան կղզիներում, ապա այդ ընկերությունը, իր հերթին, իրավունքը 18-20 միլիոն դոլարով վաճառել է Ջամայկայում կենտրոնակայան ունեցող SportsMax կաբելային հեռուստաընկերությանը։

Ուորներից բացի, մայիսին շվեյցարացի իրավապահները ձերբակալել են Ջեֆրի Ուեբին, Էուհենիո Ֆիգերեդոյին, Էդուարդո Լիին, Կոստաս Տակասին և ՖԻՖԱ-ի ևս մի շարք պաշտոնյաների։

Զեպ Բլատերն այս տարվա մայիսի 29-ին հինգերորդ անգամ վերընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ, սակայն արդեն հունիսի 2-ին հրաժարական է ներկայացրել և հիմա որպես նախագահի պաշտոնակատար է ղեկավարում կառույցը։

ՖԻՖԱ-ն 2016 թվականի փետրվարի 26-ին պետք է Ցյուրիխում նախագահի ընտրություն անցկացնի։

NewFifaNow միջազգային հասարակական նախաձեռնության ակտիվիստ Ջեյմի Ֆուլլերն ասել է, թե Ուորները, փաստորեն, իրական գնի տասը տոկոսով է ձեռք բերել հեռուստահեռարձակման իրավունքը։

«Բլատերը նստած է կոռուպցիոն գործարքների մեջ խրված այս կազմակերպության ղեկավարի աթոռին: Սա ևս մեկ անգամ ընդգծում է, թե որքան է կարևոր ֆուտբոլի բարեփոխման գործը ՖԻՖԱ-ից և սպորտը ղեկավարող գերդաստաններից խլելու անհրաժեշտությունը», - ասել է Ֆուլլերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG