Մատչելիության հղումներ

ԵՄ ՆԳ նախարարները չհամաձայնեցին փախստականների տեղակայման քվոտաների հարցում


Փախստականների գրանցման ճամբար սերբական Պրեսևո քաղաքում, 11-ը սեպտեմբերի, 2015թ․

Փախստականների գրանցման ճամբար սերբական Պրեսևո քաղաքում, 11-ը սեպտեմբերի, 2015թ․

Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարները երեկ Բրյուսելում տեղի ունեցած արտահերթ հանդիպման ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ փախստականների ընդունելության չափաբաժինների շուրջ. խոսքը 120 հազար փախստականների մասին է:

Ֆրանսիան և Գերմանիան պնդել են, որ պետք է հստակ պայմանավորվածություններ լինեն փախստականների թվի և ժամկետների շուրջ, սակայն Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրներ դեմ էին՝ հիմնավորելով, որ դա կհանգեցնի Եվրոպայում փախստականների է'լ ավելի մեծ ներհոսքի: Եվրոպացի նախարարները պայմանավորվածության են հասել միայն 2 տարվա ընթացքում Իտալիա և Հունաստան ժամանած 40 հազար փախստականներից 34 հազարին իրենց երկրներում տեղաբաշխելու սկզբունքների շուրջ: Առաջարկները վերջնականապես կհաստատվեն հաջորդ հանդիպմանը՝ հոկտեմբերի 8-ին:

Միգրացիոն ճգնաժամի հարցով այսօր լսումներ են տեղի ունեցել նաև Եվրախորհրդարանում. թեմայի շուրջ իր ելույթում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, թե ճգնաժամում ներգրավված է ընդհանուր առմամբ 12 միլիոն մարդ:

«Մենք խոսում ենք 40 հազարի մասին, ապա խոսում ենք 120 հազարի մասին: Եթե դրան գումարենք Սիրիայի հարևան երկրների փախստականներին, նաև տեղահանված անձանց, կարծում եմ՝ կստանանք ընդհանուր առմամբ մոտ 12 միլիոն»,- պարզաբանել է եվրոպացի պաշտոնյան՝ կոչ անելով Եվրամիության երկրներին միասնաբար հարցին լուծում տալ:

Իսկ մինչ այդ Եվրամիության մի շարք երկրներ խստացնում են սահմանային ստուգումները՝ այդպիսով փորձելով վերահսկել միգրանտների չդադարող հոսքը:

Հատկապես կոշտ միջոցների է դիմել Հունգարիան, որը փակել է Սերբիայի հետ սահմանի գլխավոր անցակետը փախստականների աննախադեպ հոսքի պատճառով: Տեղի իշխանությունները հայտարարում են, որ անցած գիշեր հունգարական սահմանը հատել են ռեկորդային թվով փախստականներ՝ 9 հազար 380 հոգի:

Այսօրվանից Հունգարիայում ուժի մեջ է մտել նոր կարգ՝ երկրի տարածքում ապաստարանի տրամադրման և փախստականների հետ աշխատելու մասին: Նրանք, ովքեր կհրաժարվեն գրանցվել՝ փորձելով ապօրինի տեղաշարժվել Հունգարիայում, կձերբակալվեն:

Ավելի վաղ Ավստրիան ևս խստացրեց սահմանային վերահսկողությունը՝ դադարեցնելով նաև երկաթուղային հաղորդակցությունը Գերմանիայի հետ: Փախստականների չդադարող հոսքը վերահսկելու համար սահմանային վերահսկողության խստացման մասին հայտարարել է նաև Չեխիան:

Սահմանները փակելն ընդհանուր առմամբ հակասում է Շենգենյան համաձայնագրին, որը ենթադրում է ազատ տեղաշարժ համաձայնագիրը ստորագրած երկրների միջև: Սակայն Շենգենյան գոտու երկրները նաև լիազորված են որոշ ժամանակով վերահսկողություն սահմանել ներքին սահմանների վրա:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը եվրոպական երկրներին կոչ է արել անհապաղ ելքեր գտնել միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար:

«Եվրամիության երկրները պետք է ոչ թե սահմաններ փակեն փախստականների հոսքի դեմ պայքարելու համար, այլ կենտրոններ ստեղծեն նրանց ընդունելու համար», - ասվում է հանձնակատարի գրասենյակի տարածած հայտարարությունում:

Փախստականների հիմնական թիրախներից մեկը գերմանական Մյունխեն քաղաքն է, որ այլևս չի դիմանում այդ հոսքին։ Սեպտեմբերի 12-ին ավելի քան 13 հազար միգրանտ է ժամանել Բավարիայի երկրամասի մայրաքաղաք։ Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտարարել է, թե երկիրը գրեթե սպառել է նոր փախստականների ընդունման հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG