Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի անդամների շահերից «չի բխում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընտրություն կատարելը»


Ռուսաստանի և Հայաստանի փորձագետները չեն ակնկալում, որ Դուշանբեի գագաթնաժողովի արդյունքում ՀԱՊԿ-ը կհրաժարվի չեզոք դիրքորոշումից և աջակցություն կհայտնի Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հակամարտությունում:

Ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը այսօր «Ազատության» հետ զրույցում քիչ հավանական համարեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում ՀԱՊԿ-ը կաջակցի Հայաստանին: Պատճառը, ըստ նրա, այն է, որ ոչ Ռուսաստանի, ոչ էլ կազմակերպության անդամ մյուս երկրների շահերից չի բխում «ընտրություն կատարել Երևանի ու Բաքվի միջև»:

«Խնդիրը Հայաստանը չէ: Իրականում ՀԱՊԿ-ը արհեստական մի կառույց է: Այն, ըստ էության, Ռուսաստանի հետ առանձին երկրների երկկողմ կապերի մեխանիկական մի միավորում է: ՀԱՊԿ-ը առաջացավ ռուսաստանյան բարդույթի արդյունքում, այն է՝ գոյություն ունի ՆԱՏՕ, իսկ Ռուսաստանը դաշնակիցներ չունի: Պետք է հասկանալ, որ ռազմական դաշինքները կարող են ձևավորվել, եթե առկա է ընդհանուր թշնամի կամ ընդհանուր սպառնալիք: Օրինակ՝ ՆԱՏՕ-ն այդպես է գործում: Ուստի, ճգնաժամի դեպքում դժվար թե Հայաստանում հայտնվեն Ղազախստանի կամ Բելառուսի զինվորները»,- շարունակեց Գոլցը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է՝ Ռուսաստանը և Բելառուսը Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրների շարքում են: «Նման պայմաններում ակնհայտ է, որ Մոսկվան, ՀԱՊԿ-ը չի կարող աջակցել Հայաստանին՝ անտեսելով Ադրբեջանին»,- ասաց Սաֆարյանը, հավելելով. - «Հայաստանի նկատմամբ ռազմական ոտնձգությունները բխում են նաև Ռուսաստանի վարած քաղաքականությունից, այդ թվում՝ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից»:

Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանն էլ ասում է, թե չի կարծում, որ Հայաստանի իշխանությունները լրջորեն ակնկալում են ՀԱՊԿ-ի աջակցությունը Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ըստ քաղաքագետի, սահմաններին լարվածության հարցը բարձրացվում է այլ նպատակով՝ Ռուսաստանից նոր սպառազինություն ձեռք բերելու համար:

«ՀԱՊԿ-ի որդեգրած այդ մոտեցումը, իհարկե, չի կարող կանգնեցնել Ադրբեջանին, որը կշարունակի սրել իրավիճակը սահմանին: Այս առումով Բաքվին չեն կարող կանգնեցնել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի, ընդհանրապես՝ միջազգային հանրության որդեգրած դիրքորոշումները: Բայց մյուս կողմից, այն իրադրությունը, որն առկա է, չի ենթադրում պատերազմի վերսկսում»,- ասաց Իսկանդարյանը:

Այսօր Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «իրավիճակը սրելու Ադրբեջանի փորձերը և միջազգային հանրության համարժեք արձագանքի բացակայությունը հղի են ամբողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ»:

ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի դաշնակիցներն առայժմ չեն արձագանքել այս հայտարարությանը:

XS
SM
MD
LG