Մատչելիության հղումներ

Դատավորների հայտարարագրերը բազմաթիվ հարցեր են առաջացնում


Փաստաբանների և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետների համոզմամբ, հայտարարագրերում նշված որոշ փաստեր կասկածի տակ են դնում այդ եկամուտների թափանցիկությունը։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով մի շարք դատավորների ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը բազմաթիվ հարցեր են առաջացնում մասնագետների շրջանում։

Հատկապես ուշագրավ տեղեկություններ կան դատական ամենաբարձր ատյանի՝ Վճռաբեկ դատարանի դատավորների և նրանց ընտանիքների անդամների՝ անցած տարվա եկամուտների ու ծախսերի հայտարարագրերում։

Նախ նկատելի է հազարավոր դոլարների հասնող նվիրատվություններ ստանալու միտումը։ Օրինակ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի կինն անցյալ տարվա ընթացքում ստացել է ընդհանուր առմամբ 100 հազար դոլար նվիրատվություն: Նույն դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանի ամուսնու անունով հայտարարագրում նշված է տարվա ընթացքում նվեր ստացած ընդհանուր առմամբ 17 հազար 350 դոլարի մասին։ Քրեական պալատի դատավորներից Համլետ Ասատրյանը 9 հազար դոլար նվիրատվություն է ստացել: Արթուր Պողոսյանի որդու հայտարարագրում նշված է 7 հազար 300 եվրո նվեր ստանալու մասին։ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի կինը 4 հազար եվրո է նվեր ստացել, և այլն։

Թե ումից են դատավորների մերձավորները նման գումարներ նվեր ստանում, չի հրապարակվում։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը, ով նախկինում պարբերաբար հարցումներ էր ուղարկում դատավորների եկամուտների օրինականությունն ու աղբյուրները պարզելու նպատակով, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ռիսկեր է տեսնում նման նվիրատվությունների մեջ. - «Կոռուպցիայի ռիսկ տեսնում եմ: Որովհետև նախ պետք է պարզվի այդ նվիրատվությունների ծագումնաբանությունը՝ ով է նվիրել և այլն: Առավել ևս՝ դատավորի մասին է խոսքը, խոշոր գործարքների մասին է խոսքը: Որովհետև մանավանդ Հայաստանի նման հասարակարգում նման նվիրատվությունները, որպես կանոն, անհետևանք չեն մնում: Անգամ մի միջնորդությամբ եթե դիմում ես մի պաշտոնատար անձի, որպես կանոն, դա ընկալվում է, որ դու պարտք ես ինձ: Ուստի այստեղ պետական մարմինների աչալուրջ աշխատանքի շնորհիվ պետք է վերահսկվի և պետք է պարզվի դրա ծագումնաբանությունը: Իսկ եթե համակարգը հիվանդ է, այնտեղ էական չէ, կգրեն: Եվ եթե դա անհետևանք է, կշարունակեն գրել»:

Հարցին, թե այդ դեպքում ինչու են գրում այդ հայտարարագրերը, Գյոզալյանը պատասխանեց․ - «Օրենքի պահանջ է: Նորից գալիս ենք Հայաստանի իրականություն: Սովորաբար Հայաստանում օրենքները գրվում են քաղաքակիրթ աշխարհի աչքին թոզ փչելու համար՝ մենք ժողովրդավար ենք, մեզ մոտ ամեն ինչ լավ է և այլն: Այդ շարքից է»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը պատահական չի համարում, որ արտարժույթով նվիրատվությունները ոչ թե անձամբ պաշտոնյաների, այլ նրանց ընտանիքների անդամների հայտարարագրերում են. - «Որ, օրինակ, դուք՝ լրագրողներդ որ իրա մասին խոսեք, ասի՝ իմ կինս ա, ես եկամուտներ չունեմ»:

Դատավորների հայտարարագրերում ակնհայտ է մեկ այլ փաստ ևս. դատավորների գերակշռող մեծամասնության հայտարարագրած գումարները տարվա ընթացքում չեն պակասում, մի մասինն անգամ ավելանում են, թեև աշխատավարձի չափը մնում է նույնը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի փորձագետ Արտակ Մանուկյանն արձանագրում է, որ առհասարակ պաշտոնյաների ֆինանսական հոսքերը վերահսկելու մեխանիզմներ մշակված չեն, իսկ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովն ունի վարչական վարույթ հարուցելու լիազորություն, որը գրեթե չի իրականացնում. - «Կարծես թե մի անտեսանելի ձեռք այս մարդկանց սաղ ծախսերը իրականացնում ա․ այսինքն՝ ինչ որ իրանք աշխատավարձ են ստանում, էդ նույն չափով եկամուտը աճում ա, ինչը տրամաբանական չի: Իմ համար հասկանալի չի, թե ինչ նպատակ ա հետապնդում պետությունը, երբ որ ինքը մի ինֆորմացիան որոշակիորեն թափանցիկ ա դարձնում, բայց դա չի ուսումնասիրում և, առավել ևս, դրանից բխող որևէ բացահայտումներ չի անում․․․ Բնականաբար, հարց ա առաջանում՝ ինչի՞ ա պետք մեզ էս գործիքը»:

Գևորգ Գյոզալյանը հիշեցնում է օմբուդսմենի անհետևանք մնացած արտահերթ զեկույցը դատավորների կոռումպացվածության մասին․ - «Եթե մարդու իրավունքների պաշտպանը խոսում է, թե որ դատավորը որ դատարանում ինչքան կաշառք է վերցնում, և սա է անհետևանք մնում, հայտարարագիրը, բնականաբար, անհետևանք է մնալու: Եվ այստեղ մենք օրենքի պահանջը ձևական առումով պահպանում ենք, և ով որ պետք է դրան ուշադրություն դարձնի, դրան ուշադրություն չի դարձնում՝ իր սուբյեկտիվ շահերից ելնելով: Արդեն այստեղ պետք է հարցը որոնել քաղաքական դաշտում: Սուբյեկտիվ պատճառները այնքան շատ կարող են լինել՝ սկսած այդ նույն դատավորների կախվածությունից, սկսած այդ նույն դատավորները, թե ով ինչ է անում, ով ինչ պատվեր է կատարում և այլն»:

Հավելենք, որ 2012 թվականի հունվարից գործող Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը երբևէ չի հրապարակել որևէ բարձրաստիճան պաշտոնյայի անուն, ով հարստացել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG