Մատչելիության հղումներ

Պիպոյանը սննդամթերքի անվտանգության ծառայությանը մեղադրում է անգործության մեջ


Ծառայությունից հակադարձում են՝ իրենց տարեկան պլանում ներառում են մինչև 1000 ընկերություն և փորձում են ստուգել բոլորին:

Անցած շաբաթ Արարատի, Շիրակի և Արագածոտնի մարզերում թունավորումների դեպքերը զայրացրել են սպառողների շահերի պաշտպան Բաբկեն Պիպոյանին։ Նա սննդամթերքի անվտանգության ծառայությանը մեղադրում է անգործության մեջ։

Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը ևս կարծում է, որ սննդի ստուգումները պետք է հաճախակի դառնան։

Ընդհանուր առմամբ, անցած շաբաթ Արարատի մարզի երեք գյուղերում սննդային թունավորումների հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել ավելի քան 50 դպրոցականներ։ Նախնական վարկածով, թունավորման պատճառ է դարձել նրբերշիկը։ Հարուցվել է քրեական գործ, բայց առայժմ որևէ մեկը, այդ թվում գյուղերի դպրոցներին սնունդ մատակարարող ընկերության ներկայացուցիչները, գործով անգամ որպես կասկածյալ չեն անցնում։

Դպրոցի տնօրենը պնդել է, որ մատակարար ընկերությունը մեղավոր չէ։ Մինչդեռ այդ նույն ընկերությունը, որին պաշտպանում է դպրոցի տնօրենը, սնունդ է մատակարարում մարզի 13 դպրոցներին։ Այդ ընկերության գործունեությունը այժմ դադարեցված է։ Գլխավոր վարակաբանը զարմացած է․ - «Շատ զարմացա, որ դպրոցի տնօրենն էր խոսում արտադրողի փոխարեն»:

Արա Ասոյանը համարում է, որ կառավարությունը պետք է խստացնի սննդի որակի ստուգումները՝ հատկապես կրթական հաստատություններում: Հայաստանի գլխավոր վարակաբանի կարծիքը կիսում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նրա գնահատականներն ավելի սուր են․ նա սննդամթերի անվտանգության պետական ծառայությանը մեղադրում է անգործության մեջ, նշելով, որ օրենքով տրված լիազորություններից չեն օգտվում, ոչ ստուգումներ են անցկացնում, ոչ էլ ուսումնասիրություններ անում։

Պիպոյանին նման մեղադրանքներ հնչեցնելու առիթ է տվել ծառայության կողմից իր նամակին տրված «ոչինչ չասող» պատասխանը։ Խնդրել էր տեղեկություններ հաղորդել այն մասին, թե կոնկրետ ինչ գործողություններ են իրականացրել հատկապես կրթական հաստատություններում, և արդյոք հայտնաբերվել են խախտումներ։

Ծառայության պատասխան գրությունում այս հարցերի պատասխանները չկան։ Հարցին, թե որն է անգործության պատճառը, Պիպոյանը պատասխանում է՝ Անպատժելիությունն ու կոռուպցիան․ օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին ընդամենը 3 ընկերություն է սնունդ մատակարարում։ Սա արդեն կասկածներ է հարուցում»:

Զրուցեցինք նաև ծնողների հետ։ Զառա Հովհաննիսյանն, օրինակ, իր երեք երեխաներին թույլ չի տալիս օգտվել դպրոցական բուֆետից, ասում է՝ «չի վստահում դպրոցական սննդին»: Բայց մայրաքաղաքի դպրոցներում երեխաների զգալի մասը սնվում է դպրոցում։ Թեև սնունդն ավելի թանկ է, քան խանութներում, նրանք նախընտրում են օգտվել բուֆետից։

Սննդամթերքի անվտանգության ծառայությունում իրենց ուղղված մեղադրանքներին հակադարձում են՝ տարեկան պլանում ներառում են 1000 ընկերություն և փորձում ստուգել բոլորին։ Սակայն, թունավորումների վիճակագրությունը ամենևին լավատեսության հիմքեր չի տալիս:

Անցած տարեվերջին Եղվարդի մանկապարտեզում ևս սննդից զանգվածային թունավորման դեպք էր գրանցվել: Դրա հետևանքով 60 երեխա տեղափոխվել էր հիվանդանոց։ Հարուցվել էր քրեական գործ, սակայն ի վերջո պատժվեց միայն բուժքույրը՝ վճարելով 100.000 դրամի տուգանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG