Մատչելիության հղումներ

Փորձ է արվել հրկիզել պատանու սպանության մեջ մեղադրվողի հայրական տունը


Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Կուրթան գյուղում քաղաքացու կողմից ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

«2015 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 07:23-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ այրվում է Լոռու մարզի Կուրթան գյուղի տներից մեկը: Պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը գույքը ոչնչացնելու դիտավորությամբ կոտրել է Խ. Գևորգյանի՝ Կուրթան գյուղում գտնվող տան պատուհանները, ապա բաց կրակի աղբյուրի ներգործությամբ փորձել հրկիզել տան գույքը, ինչն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով. համագյուղացիները նկատել են բռնկված հրդեհը, և նրանց կանչով դեպքի վայր ժամանած հրշեջների կողմից այն մարվել է», - փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Նախնական քննության տվյալներով՝ նշված տունը հրկիզելու փորձ կատարել է օգոստոսի 28-ին սպանված անչափահասի հայրը՝ վրեժխնդրությունից դրդված։ Վերջինս իրավապահ մարմիններին է ներկայացել ինքնակամ և հայտնել, որ համագյուղացի Ս. Գևորգյանի կողմից սույն թվականի օգոստոսի 28-ին իր անչափահաս որդուն սպանելու կապակցությամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով, ալկոհոլի ազդեցության տակ ջարդել է Ս. Գևորգյանի հայրական տան պատուհանները, որից հետո այրված շորի կտորներ տուն նետելու միջոցով հրկիզել է տանը եղած գույքն ու հեռացել», - ասված է հաղորդագրությունում:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս»: Առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG