Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի վրա «ԱԺ-ի գործընթացը որևէ ազդեցություն չի ունենալու»


«Չե'ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը վստահ է, որ նախագիծը կարժանանա Ազգային ժողովի դրական եզրակացությանը, բայց իրենք հաղթանակի կհասնեն փողոցում:

«Ոչ»-ի ճակատում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումից Ազգային ժողովի նոր նստաշրջանը սկսելը համարում են իշխանությունների սցենարի մի մասը:

Սահմանադրության փոփոխությանը «ոչ» ասող ուժերը միավորած «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանի խոսքով, դա կանխատեսելի էր հատկապես այն բանից հետո, երբ պարզվեց, որ խորհրդարանական երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը չի միանում «Ոչ»-ին:

Գրիգորյանը վստահ է, որ նախագիծը կարժանանա Ազգային ժողովի դրական եզրակացությանը, բայց իրենք հաղթանակի կհասնեն փողոցում․ - «Ազգային ժողովը մեծ բան չի փոխելու: Հիմնական պրոցեսը լինելու ա փողոցային պայքարի միջոցով: Ինչպես գիտեք, մենք արդեն Գյումրիի ցույցին ենք նախապատրաստվում, ու այդ պայքարն է հիմնականում որոշելու»:

Առաջիկա օրերին խորհրդարանում փաստաթղթի քննարկմանը զուգահեռ «Ոչ»-ի ճակատը բողոքի ցույց կանցկացնի Ազգային ժողովի դիմաց․ - «Ըստ հետազոտության, որը կատարել է «ԷյՓիԱր գրուպ»-ը, վաթսունմեկ տոկոսը գտնում ա, որ սահմանադրական փոփոխությունները պետք չեն, տասնհինգ տոկոսը չկողմնորոշված ա, շատ չնչին տոկոս ա մնում, որ գտնում ա, որ պետք ա: Այսինքն, հասարակության բացարձակ մեծամասնությունը, ըստ հետազոտության, դեմ ա: Դա նշանակում ա, որ հասարակությունում «ոչ»-ի պահանջ կա»:

Ճակատի ձայնը կլսվի նաև Ազգային ժողովի դահլիճում. բացի «Ոչ»-ին միացած Հայ ազգային կոնգրեսից ու «Ժառանգություն»-ից, Արմեն Գրիգորյանի տվյալներով, փոփոխություններին դեմ կարտահայտվեն նաև «Օրինաց երկրի» պատգամավորները, «ոչ»-ի կողմնակից են նաև ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ․ - «Օրինակ, Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը, որը հարցազրույց ա տվել այն մասին, որ ինքը գտնում ա, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա․․․ Էլինար Վարդանյանն ա, Ստեփան Մարգարյանն ա, ես ոնց հասկանում եմ, «ոչ»-ի կողմնակից»:

Այսօրվա քննարկումները, ըստ նախաձեռնության անդամի, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Սահմանադրությունը փոխվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության համար, և դրա դեմ պետք է պայքարել։

Արմեն Գրիգորյանը ամբողջ օրը հետևել է ԱԺ-ում նախագծի քննարկմանը: Նրա խոսքով, նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի փաստարկները սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին իրականությունից կտրված էին և ծիծաղելի։ Հատկապես տարօրինակ է համարում, երբ Պողոսյանը ներկայիս կիսանախագահական մոդելը քննադատելիս ապագայում առաջանալիք հնարավոր խնդիրներից է խոսել, կամ էլ ասել, որ Երկրորդ համաշխարհայինի սկսվելու պատճառը Գերմանիայում կառավարման կիսանախագահական համակարգն է եղել․ - «Ասել, որ նախագահը ստիպված Հիտլերին վարչապետ ա նշանակել, ու դրա պատճառով Երկրորդ համաշխարհային պատերազմ ա սկսվել, ու նաև արգումենտ ներկայացնել, որ կիսանախագահականը դրանով վատ ա՝ դրան մասնագիտական առումով չգիտեմ էլ ինչ որակում տալ»:

Այս օրերին «Ոչ»-ի ճակատը կազմակերպչական աշխատանքներով է զբաղված։ Շուտով դուրս կգան փողոց, իսկ մինչ այդ քարոզչական աշխատանքներով են զբաղված։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG