Մատչելիության հղումներ

Յան Ֆոգլերը առաջին անգամ Երևանում կներկայացնի Մանսուրյանի թավջութակի կոնցերտը


Մի քանի օր առաջ մեկնարկած երևանյան 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կայանալիք համերգներին հնչելու են նաև անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

Փառատոնի եզրափակիչ համերգին կհնչի Մանսուրյանի՝ թավջութակի համար գրված չորրորդ կոնցերտը՝ գերմանացի անվանի թավջութակահար Յան Ֆոգլերի կատարմամբ: Այդ ելույթը նվիրում է Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին:

«Ազատության» հետ զրույցում, խոսելով իր ստեղծագործական ծրագրերի մասին, Տիգրան Մանսուրյանն ասաց․ «թեև ընթացիկ գործերի մասին խոսելու սովորություն չունեմ, բայց, քանի որ ստեղծագործությունն արդեն ավարտին մոտ է, ապա կարող եմ տեղեկացնել, որ դա բավական ծավալուն գործ է»:

Երգահանը մանրամասնեց․ «Ներսես Շնորհալու աղոթաշարն է: Նպատակս է, որ հայ հոգևոր հազարամյա երաժշտությունը, որ կոմպոզիտորոկան արվեստի ճանապարհին կանգ առավ Կոմիտասի մակարդակով, այս կողմ չեկավ, զարգացնենք: Մենք պարտք ունենք՝ սովետական 70 տարիների արգելքից հետո քայլ անել այս ուղղությամբ և զարգացնել այդ ավանդույթները»։

Տիգրան Մանսուրյանը նաև հայտնեց, որ գործը նախատեսված է մեծ երգչախմբի և մեներգչի համար: Կոմպոզիտորը համաձայնեց «Ազատության» դիտարմանը, որ «Ռեքվիեմից» հետո սա առաջին մեծ գործն է: Այն գրված է նվագախմբի և երգչախմբի համար: Ինչ վերաբերում է կամերային ստեղծագործություններին, Մանսուրյանն ասաց, որ այս տարի պատվեր է ստացել Ստամբուլի միջազգային փառատոնից:

«Էնտեղ եկավ Քիմ Քաշքաշյանը, հատկապես նրա համար էր գրվում գործը, սոնատ գրեցի, այն յուրահատուկ ժանրի է պատկանում, կոչվում է «սոնատա դա կիեզա»՝ եկեղեցական սոնատ: Նման ժանր է եղել հին վարպետների մոտ: Ես գիտեի, որ այս սոնատը պետք է հնչի այն եկեղեցում, որտեղ իր վերջին տարիներին հոգևոր հայր էր Կոմիտասը: Այնտեղ դա հնչեց, այն Կոմիտասի հիշատակին էր նվիրված, և այս տարի դա հնչեց նաև Ստամբուլի միջազգային փառատոնում, կատարեց Քիմ Քաշքաշյանը»:

Անդրադառնալով թավջութակահար Յան Ֆոգլերի կատարմանը, Տիգրան Մանսուրյանն ասաց, թե եղեռնի թեմաներով մինչ այժմ գրել է երեք գործ:

«Մեկը կոչվում է «Երեք արիա՝ երգելու Արարատին բացված պատուհանից», ալտի և նվագախմբի կոնցերտ է, առաջին կատարումը եղել է Բոստոնում, նրանց պատվերով է: Երկրորդ գործը հենց այս կոնցերտն է՝ «Ու՞ր է Աբել եղբայրը քո» խորագրով: Գրված է թավջութակի և նվագախմբի համար: Այն առաջին անգամ հնչել է չորս տարի առաջ ապրիլի 24-ին, Քյոլնում: Քանի որ ողջ եվրապական հեռուստատեսությամբ դա ներկայացվեց, էնտեղ նշվում էր, թե ինչու է այս խորագիրը և ինչ է մեզ համար ապրիլի 24-ը: Եվ ի վերջո՝ նաև «Ռեքվիեմը»: Սա եռամիասնություն է: Ես կարծում էի, որ սա մեկ միասնական համերգով կարելի է ներկայացնել հատկապես այս տարի: Բայց չեղավ, չստացվեց, չգիտեմ, երևի լավ գաղափար չէր․․․»

XS
SM
MD
LG