Մատչելիության հղումներ

Սաֆրաստյան. Երբ Թուրքիայում սրվում է ներքին իրադրությունը, առաջին զոհերը լինում են հայերը


Թուրքագետը սա պատմական օրինաչափություն է որակում։

Դեռ հուլիսից Թուրքիայում ոստիկանության և քրդերի միջև ծավալվող բախումները սաստկացել են՝ վերաճելով «պարտիզանական պատերազմի»։

Վերջին օրերին ամենալարված վիճակը Ջիզրե քաղաքում էր, որն ավելի քան մեկ շաբաթ ոստիկանության և զինված ուժերի լիակատար շրջափակման մեջ էր:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայի ուժայինների կողմից գնդակոծվող գյուղերը հայկական են, այսինքն՝ ծպտյալ հայերով բնակեցված։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Ազատության» հետ զրույցում դժվարացավ ասել, թե ինչ է տեղի ունենում ծպտյալ հայերի հետ, սակայն ընդգծեց, որ սկսած օսմանյան դարաշրջանից՝ երբ Թուրքիայում սրվում է ներքին իրադրությունը, առաջին զոհերը լինում են հայերը։ Թուրքագետը սա պատմական օրինաչափություն է որակում։

«Օրինակ, 1955 թվականի սեպտեմբերի 5-ին, 6-ին, 7-ին, երբ տեղի ունեցան հույների դեմ ուղղված, այսպես ասած, ամբոխային գործողությունները, որոնք ուղղորդվում էին իշխանությունների կողմից, հարված հասցվեց նաև հայերին երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում։ Իսկ այս անգամ մենք տեսնում ենք, որ հարձակումներ տեղի ունեցան Ստամբուլի հայկական թաղամասերի վրա՝ ամբոխը կատաղած փորձեց հարձակվել, բայց, ստանալով հակահարված, կանգնեցվեց», - ասաց Սաֆրաստյանը։

Թուրքագետը նշեց, որ թուրքական կառավարության հետ սերտ առնչություններ ունեցող խոշոր թերթերից մեկը՝ «Սաբահ»-ը, վերջերս սադրիչ հաղորդագրություն է հրապարակել, թե Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) գործիչներն իրականում ոչ թե քրդեր, այլ հայեր են․ - «Այսինքն՝ այդ բոլոր ահաբեկիչները, ինչպես նրանց անվանում են Թուրքիայում, հայեր են։ Մենք տեսնում ենք, որ սա քաղաքականության մաս է կազմում, ցավոք սրտի»։

«Այսինքն՝ ուղղել դժգոհությունը և այդ ազգայնամոլական, մի կողմից, դժգոհությունը երկրի բնակչության, որն ակնհայտ է՝ փաստորեն հունիսի 7-ի ընտրությունները ցույց տվեցին, որ այլևս այդ կառավարող կուսակցությունը չունի ժողովրդի մեջ այդպիսի ժողովրդականություն, ինչպես առաջ էր, և կա դժգոհություն, որովհետև երկրի տնտեսական վիճակը վերջին մեկ տարվա ընթացքում բավական վատացել է։ Մյուս կողմից, երբ երկրում տեղի է ունենում ազգայնամոլական տրամադրությունների աճ, որն ուղղված է հիմնականում քրդերի դեմ, նաև, այսպես ասած, երկրորդ հարվածը հասցվում է քրիստոնյա հայերին։ Սա օրինաչափություն է», - ասաց Սաֆրաստյանը։

Հարցին, թե հիմա լարում տեսնո՞ւմ է հայերի դեմ, և ինչքանո՞վ է դա վտանգավոր, թուրքագետը պատասխանեց. - «Իհարկե, տեսնում եմ։ Իրական է այդ վտանգը, որովհետև այն, որ ամբոխը սկսում է հարձակվել քրդական կազմակերպությունների վրա, քրդերի վրա, հայերի վրա, ես համոզված եմ՝ կլինեն հարձակումներ նաև, ասենք, հույների վրա, որ Ստամբուլում դեռ մի քիչ մնացել են, գուցեև հրեական կազմակերպության վրա, սա ուղղորդվում է իշխանությունների կողմից, և այս հարձակումները նպատակ ունեն ուժեղացնելու ազգայնամոլական տրամադրությունները երկրում և համախմբելու այդպես մտածող ընտրողներին «Արդարություն և զարգացում» կուսակցության շուրջը՝ վախի մթնոլորտ սերմանելով երկրի մեջ»։

Սաֆրաստյանը շեշտեց է, որ դա քաղաքականություն է, և այդ քաղաքականության տակտիկական ամենաառաջին նպատակն է «նոյեմբերի 1-ի վաղաժամկետ ընտրություններում հասնել իրենց բաղձալի 45-46 տոկոս ձայների»։ «Եվ ակնհայտ է, որ Էրդողանը և նրա թիմակիցները բոլոր քայլերի կդիմեն այդ նպատակին հասնելու համար», - ասաց թուրքագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG