Մատչելիության հղումներ

logo-print

ՖԻՖԱ-ի սկանդալը շարունակվում է


Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միքաել Լաուբեր, արխիվ

Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միքաել Լաուբեր, արխիվ

ԱՄՆ արդարադատության նախարարը շատ հավանական է համարում, որ ամբաստանյալների թիվն ընդլայնվի:

Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միքաել Լաուբերը երեկ Ցյուրիխում հայտնել է, որ ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի հետաքննության շրջանակում իրավապահներն առգրավել են անշարժ գույք, ստուգում են 121 բանկային հաշվեհամարների ակտիվությունը և հետազոտում են հիշողության կրիչներում գտնվող ահռելի ծավալի` 11 տերաբայթ ինֆորմացիա։

Հաշվեհամարների մի մասը սառեցված է։ Լաուբերը որևէ անուն չի հրապարակել, նա ասել է, որ առգրավված բնակարանները շվեյցարական Ալպերում են։ Իրավապահներն այդ օպերացիան անցկացրել են «փողի լվացման հնարավորությունը կանխելու համար»։

Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Լորեթա Լինչը, իր հերթին, երեկ ասել է, թե նոր բացահայտումներն ավելի հիմնավորված են դարձնում ՖԻՖԱ-ի կառույցում կոռուպցիայի առկայության կասկածները։

Նրա խոսքով՝ հետաքննությունը կշարունակվի, շատ հավանական է, որ ընդլայնվի ամբաստանյալների թիվը։ Նա շնորհակալություն է հայտնել սկանդալի հետաքննության հարցում համագործակցող բոլոր կառույցներին։

«Հիմնվելով մեր համագործակցության ընթացքում ստացված նոր տվյալների վրա և հաշվի առնելով նոր վկայությունները, մենք ենթադրում ենք, որ կներկայացնենք լրացուցիչ մեղադրանքներ թե՛ անհատների և թե՛ կազմակերպությունների նկատմամբ»,- ասել է Լինչը մամլո ասուլիսում, որը հեռարձակել է NBC հեռուստակայանը։

Հիշեցնենք, որ ամերիկացի իրավապահների միջնորդությամբ այսօրվա դրությամբ ձերբակալվել է 14 մարդ։ Նրանց առնչվող ապօրինի գործարքների ընդհանուր գումարը հասնում է 140 միլիոն դոլարի։

Շվեյցարացի իրավապահները հետաքննում են, մասնավորապես, 2018 և 2022 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունները Ռուսաստանում և Քաթարում անցկացնելու որոշումների հանգամանքները։ Եթե պարզվի, որ այդ որոշումների կայացման ժամանակ նույնպես եղել են անազնիվ գործողություններ, այդ երկու երկրները կարող են զրկվել առաջնություններն անցկացնելու իրավունքից։

Երբ մայիսին ՖԻՖԱ-ի սկանդալը հայտնվեց ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, այդ կառույցի նախագահ Զեպ Բլատերը, ով պնդում է, որ առնչություն չունի կոռուպցիայի հետ, հայտարարեց, թե միևնույն է կմասնակցի նոր ընտրություններին։

Նա վերընտրվեց, բայց օրեր անց հրաժարական տվեց և հիմա նախագահի պաշտոնակատարի կարգավիճակով շարունակում է ղեկավարումը մինչև 2016 թվականի փետրվարին նախատեսված ընտրությունները։

Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Լորեթա Լինչը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նոր բացահայտումներն առնչություն ունեն Բլատերի հետ։

«Ֆուտբոլում կոռուպցիայի խնդիրը համաշխարհային է, և մենք ամենայն զգոնությամբ հետևելու ենք, որ համաշխարհային մակարդակով այն լուծենք»,- ասել է Լինչը։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG